«Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստների և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» կոլեկտիվ մենագրությամբ մի խումբ գիտնականներ փորձել են ուրվագծել, հստակեցնել այն նյութական և հոգևոր վնասը, որը հայերը կրել են Հայոց ցեղասպանության հետևանքով:
«Այս աշխատությունում առանձնացրել ենք հայ ժողովրդին հասցված կորուստների և դրանցից բխող հետևանքների հինգ հիմնական խումբ:
Առաջինը հայրենազրկումն է, երկրորդը մարդկային կորուստներն են և մեր հայրենիքում ժողովրդագրական պատկերի իսպառ փոփոխությունը զանգվածային կոտորածների ճանապարհով, երրորդը մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումն է թուրքական իշխանությունների կողմից, չորրորդը նյութական վնասներն են և դրանցից բխող հետևանքները, իսկ հինգերորդն այն հոգեբանական բարդույթներն են, որոնք առաջացել են այդ ոճրի իրականացումից հետո»,-նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:
Նա շեշտեց, որ մասնագետներից յուրաքանչյուրը մատնանշել է նախ հասցված վնասները, կորուստները և որոշակի կառուցակարգեր, մեխանիզմներ, թե ինչի հիման վրա և ինչ մեխանիզմներով ենք մենք պատկերացնում հայ ժողովրդին հասցված հսկայական վնասների հատուցման գործընթացը: