Ոտնաթաթի տհաճ զգացողությունների մեծ մասը, այդ թվում այրոցն ու ծակոցը, առաջանում են գերհոգնածության պատճառով: Սակայն հաճախ այդ ախտանիշները կարող են հուշել վտանգավոր խախտումների մասին՝ դիաբետից մինչև ՄԻԱՎ վարակներ:
Մասնագետները նշում են, որ ոտնաթաթի այրոցն ու ծակոցը (պարեստթեզիա) կարող են պայմանավորված լինել ֆիզիոլոգիական պատճառներով. այդ դեպքում բժշկական միջամտություն չի պահանջվում: Այդ զգացողությունները կարող են նույն դիրքում երկար մնալու, անհարմար կոշիկ կրելու, ջրազրկման, ոտքերի սառչելու և նույնիսկ հոգնածության արդյունք լինել: Տհաճ զգացողությունները կանցնեն պարզապես լավ հանգստանալուց և հարմար կոշիկ կրելուց հետո:
Սակայն որոշ դեպքում դրանք կարող են առանձին օրգանների աշխատանքի խախտման ախտանիշներ լինել:
Այսպիսով, վերջույթներում ծակոցը, այրոցը, թմրածությունը կարող են վիտամին B12-ի պակասի պատճառ լինել, հաղորդում է OANews պարբերականը:
Բացի այդ, այդ զգացողությունները կարող են հուշել նաև հոդերի հիվանդությունների մասին՝ արթրիտներ, արթրոզներ կամ ռևմատիզմ:
Այդ ախտանիշները կարող են առաջանալ ողնաշարի դեֆորմացիայի պատճառով, օրինակ՝ սկոլիոզ կամ միջողնաշարային գրիժաներ:
Հազվադեպ դեպքերում այրոցն ու ծակոցը կարող են վկայել ուռուցքային պրոցեսի մասին: Եթե ուռուցքը ճնշում է կողքին տեղակայված արյունատար անոթները, և դա խախտում է արյան հոսքը դեպի մարմնի մակերեսային հատվածներ, ոտնաթաթի վրա կարող է պարեսթեզիա սկսվել: Սակայն քաղցկեղի հետ կապված այրոցն ու ծակոցը կարող են այլ առանձնահատկություններ ունենալ. դրանք ժամանակի ընթացքում չեն անցնում, այլ, հակառակը, ուժգնանում են՝ վերածվելով ցավի:
Այսպես թե այնպես, եթե ոտքերում տհաճ զգացողությունները երկար ժամանակ չեն անցնում, ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ՝ խնդիրը պարզելու համար: