Արդյո՞ք տղամարդիկ պետք է դեմքի կրեմներ օգտագործեն. մաշկաբանի կարծիքը
Advertisement 1000 x 90

Արդյո՞ք տղամարդիկ պետք է դեմքի կրեմներ օգտագործեն. մաշկաբանի կարծիքը

Մաշկի գրագետ խնամքի կարիք ունեն և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Եվ չնայած նրան, որ ոմանց կարող է թվալ, որ տղամարդիկ մաշկի խնամքի կարիք չունեն, իրականում դա այդպես չէ: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մաշկաբան Կարեն Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ տղամարդկանց մաշկը ևս շրջակա միջավայրի բացասական ազդեցության և տարիքային փոփոխությունների է ենթարկվում: Այդ պատճառով առողջության և մաշկի գեղեցկության պահպանման համար տղամարդիկ ևս պետք է լավ խոնավեցնող կրեմներ օգտագործեն, որոնք Հայաստանի չոր կլիմայի պայմաններում պարզապես անհրաժեշտություն են: Բացի այդ, նրանք պետք է ճիշտ ընտրված կրեմ կամ սափրվելուց հետո լոսյոն, ինչպես նաև արևայրուքի դեմ կրեմներ օգտագործեն:

Վերջինի կարևորությունը շատերն անտեսում են՝ մոռանալով, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի, առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, և մաշկը պետք է պաշտպանել այդ ճառագայթներից: Հատկապես կարևոր է արևայրուքի դեմ կրեմների օգտագործումը բաց գույնի մաշկ և շատ խալեր ունեցողների համար, քանի որ նրանց մոտ մելանոմայի զարգացման ռիսկը մեծ է: Սակայն թուխ մաշկ ունեցողները ևս պետք է մաշկը պաշտպանեն արևի ճառագայթներից:

Շատ մասնագետներ նշում են, որ արևապաշտպան քսուքներ անհրաժեշտ են բոլորին՝ անկախ տարիքից և սեռից: Ավելին, դրանք պետք է օգտագործել ոչ միայն ամռանը, այլ նաև տարվա այլ եղանակներին:

Կարեն Հովսեփյանը նշեց, որ Հայաստանում շատ տղամարդիկ իրականում օգտագործում եմ մաշկի խնամքի միջոցներ՝ ոմանք դրանք ընտրում են ինքնուրույն, ոմանք էլ խորհրդակցում են մասնագետների հետ: Շատերն այդ մասին չեն ասում, սակայն այդ ոլորտում, մասնագետի խոսքով, որոշակի առաջընթաց կա. տղամարդիկ սկսել են ավելի ադեկվատ վերաբերվել խնամքի հարցերին:

med.news.am