Թոքերի քաղցկեղով 66-ամյա տղամարդու մաշկի տակ առաջացել է 8-սանտիմետրանոց օդի պղպջակ:
The Daily Mail պարբերականը հայտնում է, որ Ճապոնիայից պացիենտը հիվանդ էր թոքերի քաղցկեղով եւ 4 ամիս պարբերաբար ենթարկվում էր թոքերից հեղուկի ու օդի արտամղման միջամտության:
Պացիենտին մի քանի օր անհանգստացրել են մեջքի աջ կողմի ցավերը: Երբ նա այս գանգատներով դիմել է հիվանդանոց, նրան համակարգչային տոմոգրաֆիա են կատարել, եւ պարզվել է, որ նրա մոտ կա ենթամաշկային էմֆիզեմա. սա այն վիճակն է, երբ օդը հավաքվում է մաշկի խորը շերտերում: Մաշկի տակ հավաքված օդը առաջացրել էր 8 սանտիմետր տրամագծով պղպջակ: Չբուժելու դեպքում պղպջակը կարող էր աճել եւ փակել արյան հոսքը:
Բժիշկները պարզաբանել են, որ մշտական բժշկական միջամտությունների պատճառով տղամարդու թոքերի եւ մաշկի միջեւ խոռոչը մեծացել է, ինչը եւ բերել է օդի կուտակման:
Բժիշկները պլեւրոդեզ են կատարել. միջամտություն, որի ժամանակ տալկ է մտցվում թոքերի եւ կրծքային պատի միջեւ եղած տարածություն, ինչի հետեւանքով թոքը «կպչում» է կրծքային պատին, եւ տարածությունը, որտեղ կարող էին հավաքվել օդ կամ հեղուկ, կրճատվում է: Նրանք նաեւ 5 դրենաժավորում են կատարել, ներառյալ կրծքային խոռոչ են մտցրել պլեւրալ դրենաժային խողովակ, որպեսզի դուրս բերեն օդը, հեղուկը եւ թարախը: