Կլիմայի փոփոխությունը և գլոբալ տաքացումը կրճատում են հղիության տևողությունը և բարձրացնում վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Եվ, ինչպես հայտնի է, ժամանակից շուտ երեխայի ծնունդը կապված է լուրջ բարդությունների հետ, նշում է The Daily Mail-ը։
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 56 միլիոն ծննդաբերություն Նահանգներում 1968-1988 թվականների ընթացքում։ Պարզվել է, ավելի շոգ օրերին (ջերմաստիճանը՝ Ցելսիուսի 32 աստիճանից բարձր) ծննդաբերությունները 5 տոկոսով ավելին են եղել, քան զով օրերին։ Եվ հաճախ դրանք վաղաժամ ծննդաբերություններ էին։
Հղիության տևողության կրճատումը միջինը կազմել է 6 օր։ Բայց առանձին դեպքերում այն հասել է մինչև 2 շաբաթվա։
Դատելով ըստ ամենայնի՝ ջերմաստիճանի բարձրացումն առաջ է բերել կանանց հորմոնալ փոփոխություններ, ինչն իր հերթին խթանել է վաղաժամ ծննդաբերությունը։