Հաբսբուրգների հարստության միապետերը բավական արտասովոր արտաքին են ունեցել՝ ցցված ծնոտ և տարօրինակ դիմագծեր։ Ինչպես պարզել են իսպանացի գիտնականները՝ ծավալուն գենետիկ վերլուծություն իրականացնելով, այս հարստության միապետերի արտաքինը պայմանավորված էր մերձավոր ազգականների միջև ամուսնություններով և այլասերումներով։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Հաբսբուրգները ամենաերկարակյաց և հզոր հարստություններից են պատմության մեջ։ Բայց այդ արքայատոհմի ներկայացուցիչները պարբերաբար ամուսնացել են մերձավոր ազգականների հետ քաղաքական նկատառումներով, ինչն էլ երկարաժամկետ հեռանկարում հանգեցրել է արքայատոհմի այլասերման։
Հարստության վերջին ներկայացուցիչը՝ Կառլոս II Իսպանացին, տառապում էր բազմաթիվ բնածին հիվանդություններից և մահացավ 38 տարեկանում։ Գենետիկները հաստատել են, որ այդ բոլոր հիվանդությունների պատճառը մերձավոր ազգականների հետ ամուսնական կապերն էին։
Գիտնականները նաև հետաքրքրվել են Հաբսբուրգների հանրահայտ ցցված կզակով և այլ արտասովոր դիմագծերով։
Հետազոտությանը ներգրավել են վիրաբույժների, որոնք դեմքի և քթի ձևախեղումների մասնագետներ էին։ Նրանց խնդրել են գնահատել Հաբսբուրգների արքայատոհմի 15 ներկայացուցչի վիճակը ըստ 66 դիմանկարների, որոնք արվել են տարբեր դարաշրջաններում և տարբեր նկարիչների կողմից։ Դրա հետ միաժամանակ հավաքվել են Իսպանիայից և Եվրոպայի այլ երկրներից ԴՆԹ նմուշներ ավելի քան 6000 մերձավոր ազգականներից։ Արդյունքում՝ պարզվել է, որ բնորոշ կզակն իսկապես կապված է եղել արքայատոհմի այլասերման հետ. նման դիմագծերի այլասերության մակարդակը ավելացել է յուրաքանչյուր սերնդի հետ։