Գրողների միությունն իր հիմնադրման հոբելյանական միջոցառումները եզրափակեց գրական հանդիսությամբ
Advertisement 1000 x 90

Գրողների միությունն իր հիմնադրման հոբելյանական միջոցառումները եզրափակեց գրական հանդիսությամբ

Հայաստանի գրողների միության 85-ամյակի կապակցությամբ դեկտեմբերի 5-ին  «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տոնական հանդիսություն անցկացվեց:

Միության հոբելյանի կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գևորգ Մելքոնյանն ընթերցեց նախագահի շնորհավորական ուղերձը: «Իմ հիշողության մեջ Գրողների միությունն ազատ մտածողության ինքնատիպ կղզի էր, որտեղ ապրել էին Չարենցը, Բակունցը,  Իսահակյանը, որտեղ ապրում էին Սևակը, Շիրազը, Դաշտենցը, Կապուտիկյանը, Մաթևոսյանը, Սահյանը, որտեղ ապրեցին նաև Գալշոյանը, Հովհաննիսյանը, Դավթյանը, Զեյթունցյանը, Դավոյանը, Այվազյանը և նրանց շատ ու շատ արժանավոր գրչակիցներ: Պատահական չէ, որ նրանց գրական ժառանգությունը հարուստ ու արժեքավոր է: Այդ կղզում ժամանակի զգացողությունն այլ էր, որովհետև Գրողների միությունը ոչ սովորական մտածելակերպով մարդկանց կազմակերպություն էր, դեմք ու կարծիք ունեցող անհատականությունների, մնայուն գրականություն ստեղծողների միավորում»,-ասվում էր ուղերձում:

Նախագահը նաև նշել էր, որ միությունը չպետք է երբեք կանգ առնի, պետք է համաքայլ լինի ժամանակին:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձն ընթերցեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը: «Հետադարձ հայացք նետելով անցած տարիներին` չենք կարող ուրախությամբ չարձագանքել, որ գրողները միշտ էլ իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել մայրաքաղաքում նախաձեռնվող կարևորագույն  միջոցառումների իրականացմանը: Մեր սերտ համագործակցության արդյունքն են «Գիրք նվիրելու օրը», «Մանկական գրքի շաբաթ»-ը, Երևանին նվիրված դրամատուրգիական գործերի մրցանակաբաշխությունը և այլ միջոցառումներ: Վստահ եմ, որ համագործակցության այս բարի ավանդույթը նույն հաջողությամբ կշարունակվի»,-ասվում էր ուղերձում:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին երեսուն տարին գրականության համար բարդ էին ու հետաքրքիր: «Այդ գրականությունում գեղարվեստորեն տեղ են գտել տվյալ ժամանակահատվածի կարևոր իրադարձությունները, և ես ցանկանում եմ, գրողներին ոչ թե պաշտեն, այլ ընթերցեն»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով գրողների միությանը` Միլիտոնյանն ասաց, որ հարուստ  գրականության ժառանգությունը շարունակվելու ջիղ ունի, և 85-ամյա միության պատմությունը ժառանգականության ուղու խորացման, դեպի անվերջ գնալու միտում ունի: «Միությունն աջակցում է գրողի գրական, սոցիալական, իրավական և այլ հարցերի ապահովմանը»,-եզրափակեց միության նախագահը: