Դիլիջանի UWC միջազգային դպրոցում մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈՒԺ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագիրը: Արդեն երկրորդ անգամ իրականացվող ծրագրին մասնակցում է աշխարհի 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափից թվով 80 մասնակից:
«Հավաքվել ենք երկրորդ անգամ «ՆերՈՒԺ» ծրագիրը մեկնարկելու համար: Երկու կարևոր բաղադրիչ ունի այս ծրագիրը. դրանք են` տնտեսության զարգացումը ստարտափերի միջոցով և հայրենադարձությունը: Այսօր մենք ականատես ենք լինում հայրենադարձության մի տարատեսակի: Փաստորեն, մարդիկ, ովքեր իրենց ստարտափ ծրագիրը կարող են իրականացնել աշխարհի ցանկացած երկրում, նախընտրում են դա անել Հայաստանում: Սա արդեն մեծ հաղթանակ է մեզ համար»,- ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
4-օրյա ծրագրի մասնակիցներից լավագույնները կստանան դրամաշնորհներ, որոնք կկարողանան օգտագործել իրենց սթարթափների իրականացման համար:
«Մենք շատ կարևոր մի բան ենք արձանագրել, որ յուրաքանչյուր սփյուռքահայ իր մտքում, սրտում և հոգում միշտ ունի մի երազանք` ի վերջո իր մայր հողին ինչ-որ կերպ կապվելու: Մենք այս ծրագրով մի հրաշալի հնարավորություն ենք տվել այն մարդկանց, որոնք այդպիսի մտադրություն ունեին, ֆինանսավորել իրենց` Հայաստանում ստարտափ հիմնադրելը: Դա վերաբերում է այն մարդկանց, որոնք ունեն նորարական միտք, որոնք որևէ կերպ ցանկանում են կապվել իրենց մայր հողին, որոնք նոր հնարավորություն են ման գալիս»,- նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: