Լատվիայում լույս է տեսել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լատիշերեն թարգմանությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Հերթական հրաշք լուրը մեր տարածաշրջանից։ Լատվիական Յանիս Ռոուզե հրատարակությունը տպել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լատիշերեն թարգմանությունը՝ Իլզե Պաեգլե-Մկրտչյանի կատարմամբ, նաև ընդգրկուն մեկնաբանություններով։ Ի հավելումն Իլզեի առաջաբանի, գրքի համար հատուկ առաջաբան է գրել իսրայելցի պրոֆեսոր, ցեղասպանագետ Յաիր Օրոնը, ներածական տեքստ է տրամադրել մուսալեռցի ցեղասպանագետ Վահրամ Շեմասյանը։ Գրքի համար հատուկ երաշխավորագրեր են տրամադրել նաև աշխարհահռչակ ցեղասպանագետներ Իսրայել Չարնին (Իսրայել), Ֆրենկ Չոկը (Կանադա), Լատվիայի ակադեմիայի նախագահ Օյարս Սպարիտիսը։ Հատուկ այս հրատարակության համար Հայոց ցեղասպանության թանգարանի և նրա նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի կողմից տրամադրվել են Մուսա լեռան հերոսների տարհանման ֆոտոներ, որոնք առաջին անգամ այս գրքում են տպվում։ Արդյունքում, ստացել ենք մինչ օրս Մուսա Լեռան լավագույն թարգմանություններից մեկը՝ ակադեմիական ֆունդամենտալ հրատարակությամբ։ Խորին շնորհակալություն Յանիս Ռոուզե հրատարակությանը և Իլզե Պաեգլե-Մկրտչյանին այս մեգա-ծրագիրը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-ամյակին ընդառաջ պատվով իրականացնելու համար»,- նշում է դեսպան Մկրտչյանը:
Հրատարակությունը և թարգմանությունը նախաձեռնել և իրականացրել է Լատվիայում ՀՀ դեսպանությունը։ Ծրագրի իրականացմանը նպաստել են Creative Europe ԵՄ հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Ավստրիայի կառավարությունը, լատվիահայ գործարարներ Մխիթար Մխիթարյանը և Հովիկ Մկրտչյանը։