Մեքսիկայում արտադրված քսուքը մաշկը սպիտակեցնելու համար պարունակում էր թունավոր սնդիկ, որը վտանգավոր է մարդու առողջության համար։ Այդ պատճառով կինը Կալիֆոռնիայից կենտրոնական նյարդային համակարգի ծանրագույն խանգարումներ է ստացել։
Ինչպես տեղեկացվում է Morbidity and Mortality Weekly Report ամսագրում, կինը դիմել է բժշկի մկանների ակամա շարժումների եւ ուսերում ու ձեռքերում զգացած թուլության պատճառով։ Ամբուլատոր զննումներից 2 շաբաթ հետո նրան հոսպիտալացրել են հետեւյալ ախտանշաններով՝ տեսողության խանգարում, անկայուն կեցվածք եւ խոսելու դժվարություններ։ Արյան եւ մեզի անալիզները ցույց են տվել, որ կնոջ մոտ սնդիկով լուրջ թունավորում կա։ Դա ԱՄՆ տարածքում սնդիկով թունավորման առաջին դեպքն էր վերջին 50 տարում։
Հարազատները բժիշկներին պատմել են, որ կինն օգտագործել է մաշկը սպիտակեցնող քսուք Մեքսիկայից, օրը երկու անգամ, 7 տարի շարունակ։ Հետազոտելով այդ քսուքը՝ մասնագետները դրանում հայտնաբերել են օրգանական սնդիկի մեթիլսնդիկ տարատեսակը։
«Սպիտակեցնող վնասակար քսուքների մեծ մասը պարունակում է անօրգանական սնդիկի որոշակի քանակություն,- ասել է հետազոտության հեղինակ, դոկտոր Փոլ Բլանկը Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանից։- Բայց այս դեպքում պացիենտը օգտագործել է քսուք օրգանական սնդիկով, որը շատ թունավոր է եւ կարող է առաջ բերել կենտրոնական նյարդային համակարգի ծանրագույն խանգարումներ, որոնք կարող են սաստկանալ անգամ այն դեպքում, եթե մարդը դադարի օգտագործել քսուքը»։
Առաջին հոսպիտալացումից շատ շաբաթներ հետո էլ պացիենտը դեռեւս արհեստական կերակրման կարիք ունի։ Նա դեռ չի կարողանում խոսել եւ հոգալ ինքն իր մասին։