Կա՞ն արդյոք հակացուցումներ լապարասկոպիկ վիրահատությունների համար. մասնագետի կարծիքը
Advertisement 1000 x 90

Կա՞ն արդյոք հակացուցումներ լապարասկոպիկ վիրահատությունների համար. մասնագետի կարծիքը

Լապարասկոպիկ վիրահատությունների անցկացման համար հակացուցումներ որպես այդպիսին չկան, սակայն որոշ դեպքերում նման վիրահատություններ գրեթե անհնար է կատարել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց լապարասկոպիկ վիրաբույժ Վան Պողոսյանը (ԱՄՆ):

Մասնագետի խոսքով՝ լապարասկոպիկ վիրահատության անցկացումը կարող են բարդացնել բազմաթիվ սպայկերը, որոնք կարող են ձեւավորվել պացիենտի մարմնում, օրինակ՝ մի քանի բաց վիրահատությունների անցկացումից հետո:

Լինում են նաեւ դեպքեր, երբ անհրաժեշտ է հեռացնել մեծ կամ վտանգավոր ուռուցքները, եւ առանց կտրվածքի դա անելը բարդ է կամ գրեթե անհնար:

Լապարասկոպիան վիրահատության ժամանակակից մեթոդ է, որի ժամանակ մաշկի վրա կտրվածքներ չեն անում, իսկ ներքին օրգանների վիրահատություն են անցկացնում ոչ մեծ անցքերի միջոցով (սովորաբար 0,5-1,5 սմ): Բժիշկ Պողոսյանի խոսքով՝ լապարասկոպիկ վիրահատություններն ունեն մի շարք առավելություններ սովորական վիրահատություններից: Դրանից հետո պացիենտն ավելի քիչ ցավ է զգում, հազվադեպ է բախվում բարդությունների, ավելի քիչ ժամանակ է անցկացնում ստացիոնարում եւ արագ է դուրս գրվում:

Մեծ կտրվածքների դեպքում, որոնք արվում են բաց վիրահատությունների ժամանակ, մեծ է կտրվածքի տեղում բորբոքումների, վարակների ռիսկը: Ավելին, 100-ից մոտ 10-20 պացիենտ երկարաժամկետ հեռանկարում բախվում է կտրվածքի տեղում գրիժայի առաջացման: Այդ բոլոր խնդիրները լապարասկոպիկ վիրահատության ժամանակ բացառված են:

Բժիշկ Վան Պողոսյանը մի քանի անգամ Հայաստան է ժամանել բարեգործական առաքելության շրջանակում Ֆրեզնոյից բժիշկների թիմի կազմում: Ամեն այցի ժամանակ նա Երեւանում, մարզերում եւ Արցախում 20-30 անվճար վիրահատություններ է կատարել:

2016 թվականի նոյեմբերին Վան Պողոսյանը Ստեփանակերտ այցի ժամանակ աղիի լապարոսկոպիկ վիրահատություն է կատարել եւ հեռացրել է հաստ աղիի քաղցեղային ուռուցքով ախտահարված հատվածը: Նրա խոսքով՝ այցերի ժամանակ իր հնարավորության չափով ուսուցանում է հայ մասնագետներին լապարասկոպիկ վիրահատության տեխնիկաներին, սակայն նրա համար, որպեսզի նրանք կարողանան առանց կողմնակի օգնության աշխատել, երկարատեւ թրենինգներ են անհրաժեշտ:

med.news.am