Սառցի նմուշներում ԱՄՆ և Չինաստանի գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է գիտությանն անհայտ վիրուսներ, որոնք մոտ 15 000 տարեկան են։ Գիտնականների խոսքով՝ վտանգ կա, որ կլիմայի փոփոխությունը, որի պատճառով հալվում են սառցադաշտերը, կարող է ազատ արձակել մինչ այդ անհայտ վարակիչ վիրուսներ շրջակա միջավայրում։
Ինչպես տեղեկացնում է Science Alert պարբերականը, գիտնականները Տիբեթի սառցադաշտում 50 մետրանոց հոր են բացել և հանել երկու սառցակտոր։ Դրանցում հայտնաբերվել են վիրուսների 33 խմբեր, որոնցից 28-ն անհայտ են։ Դրանցից 18-ը վարակում են բակտերիաներին, այդ թվում Methylobacterium, Sphingomonas և Janthinobacterium։
Գիտնականների խոսքով՝ իրենց աշխատանքի արդյունքներն օգնում են միկրոօրգանիզմների և վիրուսների հետազոտման արդյունավետ մեթոդներ մշակել։ Առաջին անգամ մասնագետները պատկերացում են կազմել վիրուսների գենոմների մասին, որոնք ապրել են 520 և 15 հազար տարի առաջ։
Հետազոտողների կարծիքով՝ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել միկրոբային և վիրուսային տեղեկատվության կորչելուն, որով կարելի է վերակառուցել կլիմայի վիճակը հնում։ Բացի այդ, վիրուսները, որոնք տաքացման արդյունքում կարող են հայտնվել շրջակա միջավայրում, կարող են վնասակար լինել ոչ միայն մանրէների, այլև կենդանիների ու մարդու համար։