Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը՝ Գուրգեն Խանջյանը, որի հերոսներն աչքի են ընկնում արկածախնդրությամբ, վառ երևակայությամբ և սիրում են նոր բացահայտումներով լի կյանքը, հունվարի 25-ին տոնում է ծննդյան 70-ամյակը:
«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում գրողն ասաց, որ սիրում է կյանքը, որում տեղի ունեցող իրադարձությունները գեղարվեստական լուծումներով արտացոլվում են իր գրականությունում:
-Մի առիթով խոստովանեցիք, որ մինչև երեսունը ձեզ գրավում էին արկածները, ճամփորդությունները, նոր մարդիկ, նոր միջավայրը: Ի՞նչն է ձեզ հետաքրքրում այսօր:
-Կարծում եմ` մինչև երեսունը քիչ եմ ասել. ես կասեի`մինչև վաթսունը: Հիմա անցածս ամփոփելու ժամանակն է՝ իհարկե, չխուսափելով կյանքի մեջ լինելուց: Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես, ճշտում քո տեղն այդտեղ, հարաբերությունները: Իրականում ոչ այնքան հարաբերություններն են կարևոր, որքան քո դիրքն այդ հարաբերություններում, քո լուծումները: Ինքդ քեզ հարցնում ես՝ արդյոք այդ լուծումները ճի՞շտ էին, թե սխալ: Մի խոսքով` ամփոփման շրջանում եմ:
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի
-Երբ ասում ենք ժամանակակից գրականություն, միանգամից ձեր անունն ենք հիշում: Ձեր ստեղծագործությունների հետաքրքիր, մի քիչ խենթ, երևակայական հարուստ աշխարհով հերոսներն իրենց կայուն տեղն ունեն մեր գրականությունում…
– Գրական տաղանդն իսկապես կարևոր է, բայցև անհրաժեշտ է ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել: Ես ապրել եմ հետաքրքիր ժամանակահատվածում: Պատկերացնո՞ւմ եք այն բացառիկ կայսրությունը, որի նմանը դժվար թե կրկին լինի: Այդ կայսրությունում ապրել եմ իմ մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը: Հետո` փլուզում, հետո` անորոշ վիճակ, նոր Հայաստան, պատերազմ, վերականգնման փուլ, մինչ օրս ընդհարումների փուլ…
Ամբողջությամբ՝ armenpress.am