Հայ բժշկի նոու-հաուն կարող է վերակենդանացնել ուղեղը կաթվածի դեպքում
Advertisement 1000 x 90

Հայ բժշկի նոու-հաուն կարող է վերակենդանացնել ուղեղը կաթվածի դեպքում

Օսկար Պիտերսոնը գիտեր և հիշում էր ջազային հարմոնիաների ու մեղեդիների անհամար համադրությունները։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ձախ ձեռքը դադարեց ենթարկվել, նրա երաժշտությունը չենթարկվեց հիվանդությանը։ Եվ նա նորից ու նորից բեմ բարձրացավ, որովհետև միայն իր համար չէր նվագում։

Կաթվածով հիվանդ մարդկանց ներաշխարհը չի ուզում մեռնել։ Նրանք պիտի ապրեն ու ստեղծագործեն, յուրաքանչյուրը` յուրովի։ Այդ նպատակին է ձգտում բժիշկ ասպիրանտ Սենիկ Մատինյանը։ Նա գիտնականների խմբի հետ ստեղծում է սարքի նախագիծ, որը կօգնի օրգանիզմին գլխուղեղի նոր նեյրոններ ստեղծել մահացածների փոխարեն։ Նա օգնում է իր գիտական ղեկավարին՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Կոնստանտին Ենկոյանին և գերմանացի գործընկերներին։

Ի՞նչ են նեյրոնները։ Դրանք միլիարդավոր բջիջներ են, որոնցից կազմված է մարդու գլխուղեղը։ Կաթվածի դեպքում այստեղ արյան շրջանառությունը լրջորեն խախտվում է։ Դրա հետևանքով մահանում է նեյրոնների մի մասը, որոնք պատասխանու են այն ամենի համար, ինչ գիտենք և հիշում ենք։ Ամբողջ աշխարհում ինֆարկտները և կաթվածներն առաջատար տեղեր են զբաղեցնում հաշմանդամության վիճակագրությունում։

Համարվում է, որ նեյրոնները չեն վերականգնվում և միայն ուղեղի մի քանի զոնայում է դա հնարավոր։ Մեր ուղեղի հատվածներից մեկում (հարափորոքային շրջանում) կա «վթարային օգնության» բաժին։ Ուղեղի ախտահարման դեպքում այստեղ ակտիվանում են ցողունային բջիջները, որոնք սկիզբ են տալիս նոր նեյրոններին։ Այս բջիջները պոտենցիալ ունեն հասնելու «աղետի գոտի» և գլխուղեղում վերականգնելկորսված բջիջները։ Բայց ինչ-որ պատճառներով, որոնք դեռ հայտնի չեն, նոր նեյրոնները 7-14 օրվա ընթացքում նույնպես մահանում են՝ չհասնելով ախտահարված շրջան։

Եվ ի՞նչ կարող է անել հայ և գերմանացի նյարդաբանների հորինած սարքը։

Աշխարհում արդեն փորձում են պահպանել ուղեղի և նեյրոնների ակտիվությունը թերապևտիկ ազդակների օգնությամբ՝ էլեկտրական և օպտիկական (օպտոգենետիկ)։ Բայց հիմա մեկ այլ խնդիր է դրվում․ ուղարկել այդ ազդակները ոչ թե «ուր ասես», այլ ըստ օրգանիզմի պահանջմունքի։ Ահա այդ պահանջմունքներն էլ կարող է պարզել նոր սարքը։

«Մենք կստանանք կաթվածի էլեկտրոֆիզիոլոգիական բնութագիրը։ Հետո կպարզենք, թե որ փուլի ժամանակ որ ազդակներն են տալիս լավագույն թերապևտիկ ազդեցությունը։ Այսինքն, երբ և ինչպես են պրոգենիտորիային ցողունային բջիջներն ավելի լավ բաժանվում, սկիզբ տալիս նեյրոններին և հասնում ուղեղի վնասված հատվածներին։ Իսկ հետո մեր սարքն ավտոմատ կերպով կորոշի, թե որ փուլում է գտնվում օրգանիզմը և կորոշի լավագույն միջամտության տեսակը», – բացատրում է Մատինյանը։

Դրա համար պետք է հավաքել և վերլուծել տվյալների մեծ բազան։ Վերլուծության արդյունքում պետք է նաև պատասխանել կարևոր հարցի՝ սարքը ունենալու՞ է ինվազիվ կոմպոնենտ թե ոչ։

Նման սարքեր արդեն կան։ Դրանցից մի քանիսն ազդակներ են ուղարկում անմիջապես ողնուղեղին և օգնում են վերականգնել շարժողական ակտիվությունը։ Կան սարքեր, որոնք ազդակներ են ուղարկում ուղեղին։ Դրա խորքային շերտերում (բազալ գանգլիաներում) տեղադրում են հատուկ էլեկտրոդներ: Դրանք օգտագործվում են Պարկինսոնի հիվանդության և նման հիվանդությունների դեպքում ու հստակ դրական արդյունք են տալիս:

«Եթե հետազոտությունները ցույց տան, որ ինվազիվ կոմպոնենտը պարտադիր է կաթվածի փուլերը հստակ հասկանալու և ստիմուլյացիան ճիշտ թիրախին հասցնելու համար, միգուցե ունենանք նաև ինվազիվ մասը: Իհարկե, սա կերկարացնի սարքի ներդրումը, բայց եթե դա կտա ավելի լավ արդյունքներ, պիտի գնանք այդ ճանապարհով», – ասում է Մատինյանը։

Գլխավորն այն է, որ ստիմուլյացիան կետային լինի։ Այլապես, եթե ազդակները թիրախային չլինեն, էֆեկտիվության անկում կունենանք։ Եվ դա կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am