Անվտանգության եգիպտական մարմինները գտել են 60 տարի փակ վիճակում գտնվող արտեֆակտների պահեստարան տեղի չարագործների՝ այն թալանելու մտադրության մասին տեղեկությունն ստանալուց հետո, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով al-Masry al-Youm տեղեկատվական պորտալին։
Պորտալի տվյալներով՝ պետանվտանգության աշխատակիցները զբոսաշրջային ոստիկանության հետ համատեղ տեղեկություն են ստացել, թե չարամիտները ցանկանում են թալանել հազվագյուտ պատմական արտեֆակտների պահեստարանը Կահիրեից հարավ գտնվող Սակարա քաղաքում։
«Ինտենսիվ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվեց արտեֆակտների պահեստարան Սակարայում, Հին Եգիպտոսի ազնվական, մեծատոհմիկ Պտահոտեպ I-ի դամբարանի կողքին, որը մտցված չէ հնության հուշարձանների գործերի նախարարության ռեեստրում եւ հայտնի չէր վերահսկող մարմիններին»,- գրում է պարբերականը։
Պահեստարանը դամբարանին հարող երկու սենյակ է՝ փայտե դռնով, որի փականին վերահսկիչներից մեկի ստորագրությունն է, ով այն փակել է 1960 թվականին։ Պահեստարանի ներսում հայտնաբերվել են 12 սարկոֆագ՝ մումիաներով եւ բարձրարժեք պատմական իրեր։
Պահեստարանը թալանել պատրաստվող գողերի մասին չի տեղեկացվում։