Լույս է տեսել Մատենադարանի ավագ #գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությունյանի նոր ուսումնասիրությունը՝ «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» խորագրով: Գրքի խմբագիրն է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը:
Ուսումնասիրությունը նվիրված է հայ միջնադարյան #գրչաշխարհ/ում լայն տարածում ունեցած հիշատակարանա գրության ավանդույթի բացահայտմանն ու արժևորմանը: Աշխատանքում քննության են առնված հայերեն հիշատակարանների հիմնական բաղադրատարրերը, վերջիններիս արտահայտության տարաբնույթ եղանակներն ու կաղապարային դրսևորումները: Նշյալ միավորներից շատերը հեղինակը համեմատել է նաև ձեռագրական այլ ավանդույթներում (հունական, լատինական, ղպտական, ասորական, իրանական և այլն) հանդիպող համանման երևույթների հետ, որն ավելի ևս ընդգծում է հայկական գրավոր այս հուշարձանների առանձնահատկությունները:
Ուսումնասիրության մեջ առանձին տեղ է հատկացված հայերեն հիշատակարանների գրական արժեքին ու լեզվական ընդհանուր նկարագրին:
Մանրամասն ներկայացված է նաև հայերեն #հիշատակարաններ/ի հավաքման և հրատարակման պատմությունը:
Գիրքը նախատեսված է #ձեռագրագետներ/ի, #միջնադարագետներ/ի, #աղբյուրագետներ/ի, #բանասերներ/ի, #արվեստաբաններ/ի և հայ գրչության պատմությամբ հետաքրքրվողների համար:
«Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» Խաչիկ Հարությունյանի թվով երկրորդ մենագրությունն է: Առաջին գիրքն է՝ «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» աշխատությունը: Հետազոտողը «Մատենագիրք հայոց» շարքով հրատարակել է նաև Պետրոս Ա. Գետադարձ և Ներսես Դ. Շնորհալի Ամենայն Հայոց կաթողիկոսների հեղինակած կամ նրանց վերագրվող շարականների համեմատական բնագրերը՝ համապատասխան առաջաբան ուսումնասիրություններով: