Ինչպե՞ս խուսափել արջերից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս խուսափել արջերից

«Արջը եկավ, վրանը քանդեց, ամբողջ ուտելիքը տակն ու վրա արեց, մարդկանց էլ հոշոտեց»:

Նման պատմություններ ենք պատկերացնում, երբ խոսում ենք արջի մասին: Եվ, իհարկե, մեր բնակչության մի զգալի մաս նրա մեջ տեսնում է թշնամու՝ զարհուրելի դիվական գազանի, ում պետք է սատկացնել: Բնականաբար, նրանք մեր բլոգի թիրախային լսարանը չեն, բայց, այնուամենայնիվ, տիրող բացարձակ անտեղյակության և անգրագիտության մթնոլորտը երբեմն այնքան ուժեղ է լինում, որ սկսում է հեղինակություն ու ազդեցություն ունենալ մարդկանց վրա: Արագածում 2019-ի ամռանը տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ արջը հարձակվել էր երկու զբոսաշրջիկի վրա, որի արդյունքում նրանցից մեկը մահացել էր, միայն ավելի սրեց այս խնդիրը  թե՛ արշավականների, թե՛ մնացած հանրության շրջանակներում՝ անիմաստ խուճապ բարձրացնելով:

Խնդիրը նրանում է, որ շատերը «փրկվածի սիստեմատիկ սխալի» պատճառով արշավ գնալիս երբեք չեն մտածել նման խնդիրների մասին: Մարդիկ ունեն այսպիսի մոտեցում՝ չէ՞ որ դժբախտ դեպքը երբեք իր հետ չի պատահի: Նույն կերպ մարդիկ լսել են, որ սարերում արջեր են լինում, բայց չեն մտածել, որ մի օր իրենց երթուղու վրա էլ կարող է արջ հանդիպել: Այդ պատճառով էլ նման խուճապի ականատես եղանք: Անհրաժեշտ է ունենալ տարրական գիտելիքներ խնդրի մասին, ինչպես ասում են․ «տեղեկացված ես, ուրեմն զինված ես»:

Այս նյութը պատրաստելիս առաջնորդվել ենք ռուս կենդանաբան Միխայիլ Կրեչմարի դասախոսություններով: Կրեչմարը հանդիսանում է արջերին և բնությանը նվիրված մի շարք գիտական աշխատությունների, փաստավավերագրական ֆիլմերի և գրքերի հեղինակ: Քսան տարուց ավել ուսումնասիրել է արջերի հոգեբանությունը, անդամակցում է «Արջերի Հետազոտման և Պահպանման Միջազգային Կազմակերպությանը»: Մի խոսքով, իր գործի մասնագետն է, և կարելի է հիմնվել նրա խորհուրդների վրա:

Եկեք խոսենք այն իրական վտանգի մասին, որն արջերն իրենցից ներկայացնում են: Կրեչմարի դասախոսություններից եկանք այն եզրակացությանը, որ Արագածի արջի դեպքը ավելի շուտ բացառություն էր՝ բոլոր օրինաչափություններից դուրս: Առաջին հերթին սա առաջին դեպքն էր տվյալ տարածքում: Իսկ ավելի մանրամասն դուք կիմանաք նյութը ամբողջությամբ կարդալուց հետո:

Արջերը Հայաստանում

Հայաստանում կարելի է հանդիպել գորշ արջի: Նրանց բնակման արեալը բավականին մեծ է: Գորշ արջեր կան գրեթե ողջ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանի գրեթե ողջ տարածքում, Կովկասում, հեռավոր արևելքում, Միջին Ասիայում, Հայկական Լեռնաշխարհում և միջագետքում: Ժամանակին ապրել են Արաբական թերակղզում և Հյուսիսային Աֆրիկայում, սակայն հիմա գրեթե վերացել են այդ տարածքներից: Հայաստանում հանդիպում են Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում: Գրանցվել են ծովի մակարդակից 400-ից մինչև 3000 մ բարձրություններում: Ինչպես հասկանում ենք արջը շատ տարածված կենդանի է, նա հեշտ հարմարվում է նոր պայմանների՝ ցուրտ կամ շոգ կլիմա, սննդի պակաս և այլ վտանգներ: Արջի ճաշացանկը բավականին մեծ է: Բնականաբար, նախընտրում է միս, սակայն հիմնականում սնվում է հատապտուղներով, ընկուզեղենով, մանր կրծողներով, բույսերի արմատներով:  Հայաստանում արջերի թվաքանակի հստակ մշտադիտարկում չի անցկացվել: Բայց համարվում է, որ թվաքանակը կայուն է:

Արջերը Վարդենյաց լեռներում

Այն որ արջերը հաճախ մտնում են գյուղեր, չի վկայում նրանց մեծ թվաքանակի մասին: Այլ վկայում է կերի պակասի և իրենց բնական կենսատոպերի քայքայման մասին: Արջերը, ինչպես նաև գայլերը, ճարահատյալ մտնում են գյուղեր և այլ բնակավայրեր սնունդ հայթհայթելու համար: Արջերը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, որպես ռիսկային տեսակ:

Որպեսզի հասկանանք արջերի հոգեբանությունն ու կենսակերպը, եկեք բաժանենք նրանց տարիքային խմբերի:

Ամբողջությամբ՝ armgeo.am