Մեկ շաբաթում 475 այցելուներից 18-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ․ Խաչանուշ Հակոբյան
Advertisement 1000 x 90

Մեկ շաբաթում 475 այցելուներից 18-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ․ Խաչանուշ Հակոբյան

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում այս շաբաթվա ընթացքում 475 այցելուներից 18-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, եւս 6-ի մոտ՝ քաղցկեղի կասկած։ Այս մասին այսօր՝ քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը, հայտնեց ԲԿ-ի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Վերջինիս խոսքով՝ 475 այցելուներից միայն 15-ի մոտ է արձանագրվել նորմա, մյուսների մոտ հայտնաբերվել են տարբեր խնդիրներ՝ մաստոպատիաներ, այլ օջախներ։

Այնուամենայնիվ, մասնագետը նշում  է, որ 21-րդ դարում քաղցկեղն այլեւս դատավճիռ չէ եւ այս հիվանդությունից վախենալ պետք չէ․ մեր երկրում կան շատ զարգացած բժշկական կենտրոններ, որտեղ կարելի է անցնել կանխարգելիչ հետազոտություններ։

Մասնագետը հիշեցնում է, որ քաղցկեղի դեմ պայքարի ամենահեշտ եւ մատչելի մեթոդը կանխարգելումն է․ ժամանակին այցելել բժշկի, անցնել զննություն։ Նախաքաղցկեղային փուլում հայտնաբերումը, կարելի է ասել, նշանակում է 100 տոկոսանոց բուժման հնարավորություն։

Կրծքագեղձի քաղցկեղից հետո ավելի հաճախ հանդիպողը արգանդի պարանոցի քաղցկեղն է, որը կանխարգելելու համար գոյություն ունի սկրինինգային ծրագիր․ մարդիկ կարող են գնալ, անվճար պապ-տեստ անցնել եւ վաղ փուլում հայտնաբերել խնդիրը։

Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ հայ ամերիկյան կենտրոնը կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիր իրականացնում է մարզերում, բայց չունեն պետական պատվեր, օգնություն։ Մասնագետը հույս հայտնեց, որ շուտով նաեւ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նախագիծ կմշակվի Առողջապահության նախարարության կողմից։

Վերջին տարիներին մեծ տարածում է ստացել նաեւ վահանաձեւ գեղձի քաղցկեղը, ընդ որում՝ այն չի ճանաչում ո՛չ տարիք, ո՛չ սեռ, այդպիսով հետզոտությունները խորհուրդ են տրվում վաղ տարիքից։

«Եթե մամոգրաֆիան կատարում ենք 40 տարեկանից բարձր անձանց շրջանում, վահանաձեւ գեղձի քաղցկեղի դեպքում, օրինակ, վերջերս, 10 տարեկան երեխա ենք ունեցել, ով ունեցել է այս խնդիրը։ Սակայն պետք է նշեմ, որ այս քաղցկեղը շատ հեշտ ենթարկվում է բուժման, եւ շատ արագ կարողանում են ապաքինվել», – նշեց Խաչանուշ Հակոբյանը։

Վերջինս նաեւ ներկայացրեց 2019 թվականի տվյալները, ըստ որոնց՝ 1103-ի՝, այդ թվում 7 տղամարդու մոտ հայտնավերվել է կրծքագեղձի քաղցկեղ։

«2019 թվականին կենտրոն այցելել է 57 800 այցելու, որի մեջ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերել ենք 1103-ի մոտ, այդ թվում 7 տղամարդու, վահանաձեւ գեղձի քաղցկեղ հայտաբերվել է 131-ի մոտ։ Աճ գրանցել չենք կարող, քանի որ մեծացել է դիմելիությունը։ Եթե հաշվում ենք տոկոսային հարաբերությամբ, ապա ամեն 17-18-րդ կինը կարող է ունենալ կրծքագեղձի քաղցկեղ։ երտասարադացում նկատվում է, օրինակ վերջերս ունեցել ենք 18 տարեկան աղջիկ, ում մոտ հայտնաբերվել է ձվարանի քաղցկեղ, ընդ որում, նրա մոտ չի եղել ոչ մի նախադրյալ դրա համար։ Ուղղակի խորհուրդ ենք տալիս պարբերաբար անցնել սոնոգրաֆիա, գինեկոլոգիական հետազոտությունից, իսկ 40 տարեկանից հետո մամոգրաֆիա՝ 2-3 տարին գոնե մեկ անգամ, 50-ից հետո՝ ամեն տարի», – եզրափակեց մասնագետը։

news.am