ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․
«Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձան:
Այսօր հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ԱԺ մեր քննիչ հանձնաժողովում բավականին թեժ էր: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և Ամուլսարի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Սիմոնյանի հետ միասին քննարկեցինք Ամուլսարի և հարակից տարածքում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանների փրկության և պահպանության հարցերը:
Ամուլսարի ազդեցության գոտում գտնվող 81 դամբարաններից այս պահին պեղված է 46-ը և առնվազն զարմանալի է, որ մշակույթի նախկին նախարարությունը, ով ոլորտի լիազոր մարմինն էր, մինչ այժմ չի վկայագրել հայտնաբերված հուշարձանները: Մեր օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով այն պահին, երբ հայտնաբերվում են պատմամշակութային հուշարձաններ, տեղանքում ցանկացած աշխատանք դադարեցվում է և անմիջապես իրազեկվում է լիազոր մարմնին:
Առ այս պահը ոչ միայն չի արվել հայտնաբերված հուշարձանների վկայագրում, այլ նաև չկա մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը ՝ արդյոք Ամուլսարի շահագործումը չի ավիրելու մեր մշակութային ժառանգությունը: Ասեմ, որ էս հարցում հետևողական ենք լինելու ու եթե պարզվի, որ Ամուլսարի հետագա շահագործումը ջնջելու է այդ տարածքում առկա հնագիտական մեր ժառանգությունը, դրան էլ գումարած ՝ հանքի շահագործման բնապահպանական կատաստրոֆիկ ռիսկերը, ապա սրանք երկաթյա արգումենտներ են իշխանության ձեռքին ՝ միջազգային ցանկացած արբիտրաժում Ամուլսարի գործը շահելու համար»: