Ֆուտբոլը կարող է վտանգավոր լինել տեսողության համար. Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ եթե մարդը ֆուտբոլ խաղալիս գնդակը պարբերաբար հետ է մղում գլխով, նրա ուղեղում կարող են ի հայտ գալ տեսողության վրա ազդող փոփոխություններ:
The Daily Mail-ը հայտնում է, որ 78 ֆուտբոլիստների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել նրանց մոտ կարճաժամկետ պաթոլոգիական փոփոխությունների առկայություն շղթայում, որը կապում է աչքերը և գորշ նյութը:
Գիտնականները փորձի շրջանակում ֆուտբոլիստների 50 տոկոսին խնդրել են գնդակը հետ մղել գլխով: Նրանցից բոլորի մոտ խախտումներ են գրանցվել տեսողական ապարատը և կոգնիտիվ ֆունկցիաները կապելու պրոցեսում. թուլացել են նրանց ուշադրությունը, կենտրոնացումը, խոսքը: Ստացվում է, որ այդպիսի խնդիրներ են առաջանում նույնիսկ գնդակը գլխով սովորական հետ մղելու դեպքում. խոսքն անգամ ուղեղի ցնցման մասին չէ:
Ստացված եզրահանգումները կարող են արդիական լինել նաև այլ մարզաձևերի համար՝ բռնցքամարտ, ամերիկյան ֆուտբոլ և ռեգբի:
Նախորդ հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ գլխի կրկնվող միկրովնասվածքները կարող են առաջացնել քրոնիկական վնասվածքային էնցեֆալոպաթիա՝ հիվանդություն, որը սպառնում է դեմենցիայով: