Փետրվարի 10-ին Թբիլիսիի ամենամեծ (1100 տեղանոց) «Ամիրանի» կինոթատրոնում ներկայացվեց Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետին նվիրված «Ճամփորդություն դեպի անցյալ» վավերագրական ֆիլմը (”mogzauroba warsulisaken”, filmi wm.iakob nizibinelis Sesaxeb):
Վրացական Ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի եւ Կումբուրդոյի թեմի առաջնորդ Նիկոլոզ միտրոպոլիտ Փաչուաշվիլու՝ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի կյանքի ու գործունեության ուսումնասիրությունն ամրագրող երկու ժամանոց վավերագրական ֆիլմի ցուցադրմանը, լեփլեցուն դահլիճում ներկա էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետհայդամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, վրաց եւ հայ հոգեւորականներ, հասարակության ներկայացուցիչներ:
Մինչեւ ֆիլմի ցուցադրումը (նշենք, որ միտրոպոլիտը այն նկարահանել է իր բջջային հեռախոսով), իր խոսքում Նիկոլոզ միտրոպոլիտ Փաչուաշվիլին առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանին՝ այցը կազմակերպելու, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Նոյի տապանի սուրբ մասունքը տեսնելու, Սուրբ Հակոբի Աջին խոնարհվելու, Հակոբ Մծբնա Հայրապետի եկեղեցի այցելելու, Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող նյութերին ծանոթանալու գործին ցուցաբերած աջակցության համար:
Միտրոպոլիտի խոսքով, ինքը որոշել էր այցելել Հակոբ Մծբնայի սրբավայրեր, լինել Մծբին (ներկայիս՝ Մարդին, Թուրքիա, Սիրիայի սահմանի մոտ) քաղաքում, խոնարհվել եւ աղոթել այնտեղ գտնվող Սրբի անունով տաճարում ու Ախալքալաքի Վրաց Ուղղափառ առաջնորդանիստ եկեղեցու 40 սրբերի թանգարանում զետեղել նաեւ Հակոբ Մծբնա Հայրապետի հետ կապված մասունքների եւ նյութերի՝ բնագրի նույնական օրինակները:
Միտրոպոլիտն իր ճամփորդությունը վավերացնող ֆիլմում պատմում է դեպի անցյալ կատարած իր բացահայտումների մասին: Ֆիլմը հագեցած է Արարատ լեռան վրա Նոյի տապանի հանգրվանման նշանակության, աշխարհում առաջինը Քրիստոնեությունը պետական կրոն հռչակած Հայոց եկեղեցու, երկու քրիստոնեական հավատքի եկեղեցիների համագործակցության կարեւորության եւ հայ-վրացական դարավոր բարեկամության էջերի արձանագրություններով:
Նշենք, որ Քրիստոնեական եկեղեցու կողմից սիրված Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին, պարթեւական տոհմից, ծնվել է Մծբին քաղաքում եւ, փրկվելով իր տոհմի կոտորածից, ընտրել է ճգնավորական կյանքը՝ դառնալով հագեւորական: Նա որոշում է բարձրանալ Արարատ լեռը՝ Նոյի տապանը տեսնելու եւ իր հետ մի մասնիկ բերելու: Սակայն, չկարողանալով հասնել Արարատի գագաթը՝ երկար տանջվելուց ու աղոթելուց հետո ննջում է: Տիրոջ հրեշտակն այցելում է նրան եւ տապանից մի մասունք դնում նրա գլխի տակ: «Պետք չէ, որ որեւէ մեկը տեսնի տապանը: Համաձայն քո փափագի, վերցրու՛ մասունքը եւ գնա քո տունը»,- ասում է նա: Նոյի տապանի այդ մասունքը մինչեւ օրս պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այն անփուտ փայտից է եւ դարերի ընթացքում չի քայքայվել:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում նաեւ Սուրբ Հակոբի մասունքը` Աջը, որը դուրս է բերվում ժամանակ առ ժամանակ հանդիսավոր առիթներով: