Վավերագրական կինոյի մեծ վարպետ Միքայել Վարդանովի հիշատակին փետրվարի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվեց հեղինակի «Հայկական հողի գույնը» կինոնկարը, որում նկարահանվել են բազմաթիվ հայ արվեստագետներ:
Խորհրդային շրջանում ստեղծված և հետագայում արգելված կինոժապավենը նկարիչներ Մինաս Ավետիսյանի առաջին և Մարտիրոս Սարյանի վերջին նկարահանումն էր կինոյում:
Միքայել Վարդանովի որդին` Մարտիրոս Վարդանովը, որը Լոս Անջելեսի «Փարաջանով-Վարդանով» ինստիտուտի տնօրենն է, մեզ հետ զրույցում ասաց, որ ֆիլմը նկարահանվել է 51 տարի առաջ Խորհրդային Միությունում, բայց առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում: «Այս ժապավենում հայրս ներկայացրել է Փարաջանովին, Մինաս Ավետիսյանին, Ռոբերտ Էլիբեկյանին, Արտո Չաքմաքչյանին, Սարյանին և այլ մեծերի: Նկարիչներից շատերը մոդեռնիստներ էին, և խորհրդային ռեժիմը չէր ընդունում նրանց: Հորս հարցրել են, թե ինչու է նկարահանել մոդեռնիստներին և առաջարկել են անդրադառնալ կոմունիստ նկարիչների: Հայրս հանդիմանել է` հիշեցնելով, որ ֆիլմը կոչվում է «Հայկական հողի գույնը», իսկ այդ գույնը Փարաջանովն է, Մինասն է, Էլիբեկյանն է, Չաքմաքչյանն է և մյուսները: Միքայել Վարդանովին պատասխանել են, որ ֆիլմը ոչ մեկ չի տեսնի: Այդպես էլ եղավ»,-պատմեց Մարտիրոս Վարդանովը:
2012 թվականին «Հայկական հողի գույնը» ցուցադրվել է Բուսանի միջազգային կինոփառատոնում: Այն առաջին անգամ դիտել են կորեացիները: «Կինոնկարում չկա հեղինակի խոսք, միայն պատկերներ են և երաժշտություն, որը գրել է Տիգրան Մանսուրյանը: Եթե ֆիլմն իրապես լավն է ու հետաքրքիր, ապա այն հասկանում են բոլորը: Ցուցադրությունից հետո կորեացիները մոտենում էին ինձ, ողջագուրվում»,-հիշեց Վարդանովը:
«Հայկական հողի գույնը» նկարահանելուց հետո Միքայել Վարդանովը երկար տարիներ չի կարողացել հանգիստ աշխատել և միայն 1989 թվականին նկարահանել է «Մինաս. Ռեքվիեմ»-ը, իսկ հետո «Փարաջանով։ Վերջին Գարուն»-ը, որի մասին հիացական խոսքեր են ասել Մարտին Սկորսեզեն, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և այլք:
Մարտիրոս Վարդանովը խոստովանեց, որ շատ կցանկանա վերականգնել տրիլոգիայի բոլոր ֆիլմերը և լավ որակով դրանք ցուցադրել Հայաստանում: