Vnews-ը շարունակում է առաջարկել վիքենդին նայելիք ֆիլմեր, որոնք վաղուց հասանելի են համացանցում և սպասում են Ձեզ հետ ծանոթանալու ամենահարմար առիթին: «Հեծանիվներ գողացողները» (Ladri di biciclette)-ն յուրաքանչյուր մտածող մարդու համար ցանկալի must watch է. հիմա կբացատրենք, թե ինչու:
Նախ սկսենք ֆիլմի սցենարի հեղինակից. Չեզարե Ձավատտինին կարծում էր, որ կինոն պետք է զբաղվի «մեզ շրջապատող իրականության հետազոտությամբ»: Ֆիլմերի թեման պետք է լինի ոչ թե «հնարածին առակը», այլ մեր կյանքի «ցանկացած ժամ, ցանկացած վայր, ցանկացած մարդ»: Ձգտելով բերել ֆիլմերը դեպի իրականություն՝ Ձավատտինին հրաժարվում էր պրոֆեսիոնալ դերասաններից, նախօրոք գրված սցենարներից, հնարովի ինտրիգներից: Նա տենչում էր պատմել սովորական մարդկանց մասին, իրենց առօրյա խնդիրների, հուզող հարցերի, գոյության պայմանների մասին: «Հեծանիվներ գողացողներ»-ը նա ստեղծել է մի քանի սցենարիստի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, հասցրել տեքստային մաքսիմումի, որպեսզի հետագայում դրա ռեժիսորական աշխատանքով զբաղվի հենց Վիտտորիո Դե Սիկան. այդ ժամանակ Դե Սիկան արդեն փորձառու կինոգործիչ էր, նկարահանել էր փողոցային կյանքով ապրող անտուն դեռահասների մասին պատմող «Շուշա»-ն: Դե Սիկա-Ձավատտինի տանդեմն ամենասկզբից հաջողում է, ինչպես նշում է կինոքննադատ Լուիջի Կյարինին՝ «…ռեժիսորի և սցենարիստի լիակատար միաձուլում, դա երևում է անգամ ֆիլմի թերությունների մեջ: Եվ այդ միասնությունը տարբերում է Դե Սիկայի և Ձավատտինիի մյուս ֆիլմերը, որտեղ հեղինակները աշխատում են առանձին-առանձին»:
Ֆիլմի կենտրոնում, կարծես, շատ աննշան պատմություն է. 40 ամյա Անտոնիո Րիչին, երկամյա դրդված անգործությունից հետո, վերջապես աշխատանք է գտնում՝ փողոցային պաստառներ սոսնձողի հաստիք: Կինը՝ Մարիան, գրավ է դնում տան սպիտակեղենը, որպեսզի Անտոնիոն լոմբարդից վերցնի հեծանիվը, ծայրամասից հասնի կենտրոն և, մեծ քաղաքում շրջելով, կատարի իր աշխատանքը: Տղամարդը գործի է անցնում, սակայն մեկ ժամ էլ չի անցնում, ինչ չարաբաստիկ հեծանիվը գողանում են: Անտոնիոն որդու՝ Բռունոյի հետ ստիպված ընկնում է Հռոմի բազմաթիվ և մարդաշատ փողոցներով՝ գողին գտնելու ակնկալիքով, քանի որ առանց փոխադրամիջոցի գործն ավարտին հասցնելը անհնար է: Նրանք երկար փնտրում են հանցագործին, սակայն գտնելու ժամանակ չեն կարողանում ապացուցել, որ հեծանիվը հենց իրենցն է: Ճարահատյալ Անտոնիոն անգամ փորձում է ուրիշից գողանալ մեկ այլ հեծանիվ, սակայն անում է դա այնքան անհեթեթ, որ շատ արագ բռնվում է: Միայն հուսահատ Բռունոյի արցունքների շնորհիվ ոստիկանը որոշում է նրան բաց թողնել: Հատկանշական է, որ փողոցային պայմաններում մի նվաստացուցիչ և տհաճ դեպք տեղի էր ունեցել իրականում՝ Դե Սիկայի հոր՝ Ումբերտոյի հետ: Ռեժիսորի հայրը մեծ պարտք ուներ, և մի անգամ, որդու հետ Հռոմում զբոսնելիս, Ումբերտոյի վրա է հարձակվում իր վարկատուն, ով հարվածելով ռեժիսորի հորը, պահանջում է գումարը: Ռեժիսորը դեռ երկրար տարիներ հիշում էր հանրայնորեն անարգված հոր դեմքը:
Ամբողջությամբ՝ vnews.am