Հարազատներս հաճախ են ասում, որ գնալով տատիս եմ նմանվում, նա էլ չէր սիրում հողից կտրված ծաղիկներ նվեր ստանալ։ Բայց մերոնցից քչերը գիտեն իմ ու հանգուցյալ տատիս թաքուն զրույցների մասին։
Մեր տանը օրենք կար․պարտեզից ծաղիկներ չպոկել ու տան մի անկյունը զարդարելու համար, նրանց կյանքից չզրկել։ Երբ դեռ 6 տարեկան էի, մի անգամ պոկեցի մեր պարտեզի ամենագեղեցիկ կակաչներն ու տուն բերեցի։ Մայրս բարկացավ, փոխարենը տատս ձեռքս բռնեց ու տարավ իր սենյակ, այնտեղ որտեղ կարելի էր աշխարհից կտրվել և անվերջ լսել նրա պատմությունները։
«Աղջիկս, իսկ դու գիտե՞ս, թե այդ կակաչներն ինչքան կապրեն մեր տանը»,-լուռ ժպիտով ու խորաթափանց հայացքով հարցրեց տատս։
«Երկար տատ, շատ երկար»,-արցունքներս զսպելով ու կարծես արդարանալով ասացի ես։
«Չէ աղջիկս, ծաղիկներն ապրում են, երբ նրանք հողից կտրված չեն։ Իսկ այսպես նրանք արդեն մեռած են։ Ոչինչ, կմեծանաս, կհասկանաս»,-ասաց նա ու ամուր գրկեց ինձ։
Ես նույն սխալը երկրորդ անգամ չկրկնեցի։ Մինչ օրս էլ հողից չկտրված ծաղիկների հավաքածու ունեմ, որոնք կլոր տարին զարդարում են իմ պատուհանագոգերը։
Ծաղիկների հանդեպ սերը վարակիչ է, ու դա ժամանակի ընթացքում վարակում է ոչ միայն մտերիմներիս, այլև ինձ լրիվ անծանոթ մարդկանց, որոնք իմ տան պատուհաններին միշտ հաճույքով են նայում։ Երբեմն էլ թակում են դուռս ու մանուշակի տերևներ խնդրում։ Երբեք չեմ մերժում, սիրով նվիրում եմ ու նաև բացատրում, թե ինչ անեն, որ դրանք տարիներով ապրեն։
Իսկ իմ մշակած ծաղիկները քչերին եմ նվիրում։ Դա չափազանց թանկ նվեր է, որին մարդիկ պետք է արժանանան։
Ճակատագրի բերումով ծաղիկների հանդեպ ժառանգություն ստացած սերն ինձ տարավ ֆլորիստիկայի մեծ աշխարհ։ Սկսեցի ուսումնասիրել ծաղիկներն ու հասկանալ նրանց լեզուն։ Բացեցի իմ սեփական ծաղկի սրահն, իսկ այնտեղ իրենց ուրույն տեղը գտան հողից չկտրված ծաղիկները։ Իհարկե, դրանց պահանջարկն այդքան էլ շատ չէ շուկայում։ Օրինակ` տղամարդիկ նախընտրում են հիմնականում վարդեր նվիրել իրենց սիրելի կանանց։
Հաճախորդների պահանջները հաշվի առնելով` ծաղկի սրահս օրեցօր լցվում էր հողից կտրված ծաղիկներով։
Մարտի 8-ն էր։ Առավոտյան դեռ ծաղիկներիս խնամքը չէի ավարտել, երբ ներս մտավ առաջին հաճախորդը։ Երիտասարդ տղա էր։ Զգացվում էր` չի կողմնորոշվում, թե ինչ ծաղիկ գնի։
-Բարև, վարդեր ունե՞ք։
-Ունենք, ի՞նչ գույնի։
-Եսիմ, երևի կարմիր։
-Եսի՞մ, վստահ չեք, որ նրան դուր կգա։
-Վստահ չեմ, եթե անկեղծ` երկու ամիս է` ինչ ընկերություն ենք անում, ու ես դեռ չեմ հասցրել հասկանալ` նրան ինչ ծաղիկ նվիրել։ Այդ պատճառով էլ որոշել եմ վարդեր գնել, երևի կարմիր, հա, ու 101 հատ։ Կարծում եմ` բոլոր աղջիկներն էլ վարդեր սիրում են։
-Օրինակ` ես վարդեր չեմ սիրում, հոտ չունեն, առհասարակ հատով ծաղիկներ չեմ սիրում։ Իսկ երբ հողի մեջ տնկած ծաղիկ ես նվիրում, ժամանակի ընթացքում հասկանում ես, թե նա քեզ ինչքան է սիրում։ Եթե սեր ու հոգի է դնում, ապա ծաղիկը երեխայի պես մեծանում է, եթե անուշադրության է մատնում՝ չորանում է։
-Իսկ ի՞նչ ծաղիկ եք սիրում։
-Մանուշակներ, խոլորձ (օրխիդեա), քաջվարդ (պիոններ)։ Պիոնների համար դեռ վաղ է, չեն ծաղկել, մանուշակներ վաճառելու համար չափից դուրս ժլատ եմ, իսկ օրխիդեա ունեմ։ Ի դեպ 101 վարդի համար կվճարեք 50 000 դրամից սկսած, կապրեն ընդամենը 2-3 օր, իսկ հողով ծաղիկը՝ ճիշտ խնամքի դեպքում՝ տարիներ։
-Հետաքրքիր է` մի տեսակ վարդ գնելու ցանկությունս կորավ, ինձ օրխիդեա տվեք։
Տղան լայն ժպիտով ու գոհունակությամբ հեռացավ սրահից։ Այդ օրը շատ լավ առևտուր ունեցա։ Օրվա վերջում ծաղկի սրահում ծաղիկ գրեթե չէր մնացել։
Ամիսներ անց այդ երիտասարդը կրկին եկավ ծաղիկ գնելու։ Այս անգամ արդեն հստակ քայլերով ու համարձակ։
«Եկել եմ երկրորդ օրխիդեայի հետևից։ Պատրաստվում եմ ամուսնանալ։ Նարինես այնքան շատ է հավանել իր ծաղիկը, որ նրա ծննդյան տոնին ուզում եմ օրխիդեա նվիրել»,-պսպղուն աչքերով ասաց նա ու, չգիտեմ ինչու, ինձ խորհուրդ տվեց հոգեբան դառնալ։
Այսօր, երբ հրաժեշտ եմ տվել ֆլորիստիկային, ժամանակ առ ժամանակ ծաղկի սրահների մոտով անցնելիս, ժպիտով եմ հիշում նակին աշխատանքս ու այդքան սիրահարված երիտասարդին։
Փոխարենը մտերիմներս լավ գիտեն` ում դիմեն, երբ ուզում են իրենց ծաղիկները երկար ապրեն։