«Ձեռքերս սկսեցին դողալ, մտքերս չքացան և կորցրած գումարից կարծես նույնիսկ երջանիկ էի ու ասում էի՝ թող-թող»․Դոստոևսկու նամակը իր կնոջը
Advertisement 1000 x 90

«Ձեռքերս սկսեցին դողալ, մտքերս չքացան և կորցրած գումարից կարծես նույնիսկ երջանիկ էի ու ասում էի՝ թող-թող»․Դոստոևսկու նամակը իր կնոջը

Դոստոևսկու նամակը իր կնոջը
(Hombourg. Երկուշաբթի 21 մայիսի 1867)

…Իմ սիրելի հրեշտակ, երեկ ես սարսափելի տանջանք ապրեցի: Երբ վերջացրի քեզ ուղղված նամակս, գնացի փոստ, և այնտեղ ինձ ասացին, որ քեզնից ես նամակ չունեմ: Այդ լուրից հետո ոտքերիս տակի հողը կարծես սկսեց փախչել…

…Ժամը մեկից սկսած ես թափառում էի այգում: Իսկ հետո որոշեցի գնալ խաղատուն ու ողջ գումարս սկսեցի պարտվել: Ձեռքերս սկսեցին դողալ, մտքերս չքացան և կորցրած գումարից կարծես նույնիսկ երջանիկ էի ու ասում էի՝ թող-թող: Վերջապես ամբողջը պարտվելով (ես նույնիսկ չէի էլ զարմանում այդ րոպեին)՝ սկսեցի զբոսնել այգում գրեթե երկու ժամ: Հետո Աստված գիտե, թե այնուհետ ես ուր գնացի: Ես արդեն հասկանում էի իմ անօգնականությունը: Ես որոշեցի, եթե վաղը, այսինքն արդեն այսօր, քեզնից նամակ չունենամ, ապա անհապաղ կվերադառնամ քեզ մոտ: Բայց ախր ի՞նչ գումարով: Այդ ժամանակ ես ետ դարձա ու նորից գրավ դրեցի ժամացույցս…

… Ժամացույցիս դիմաց գրավատանը տրված գրեթե ողջ գումարը ես պարտվեցի: Հիմա ինձ մոտ կա միայն քսանհինգ ֆլորին, բայց պետք է վճարել հյուրանոցի և ճանապարհի համար…

…Լսիր հիմա՝ խաղը ավարտված է: Ես ուզում եմ շատ շուտ վերադառնալ քեզ մոտ: Դե ուրեմն անհապաղ ինձ ուղարկիր քսան իմպերիալ, երբ ստանաս այս նամակը: Արա դա շատ արագ, հենց նույն օրը, հենց նույն րոպեին, եթե հնարավոր է: Մի կորցրու ոչ մի կաթիլ ժամանակ: Սրանում է կայանում իմ մեծագույն խնդրանքը…
… Իսկ գլխավորը, արագացրու: Վաղը կամ մյուս օրը հյուրանոցում ինձ կներկայացնեն հաշիվը, և եթե գումար չլինի այն փակելու համար, ապա ես ստիպված կլինեմ գնալ տիրոջ մոտ և ներողություն խնդրել: Բայց համոզված եմ, որ նա ոստիկանություն կկանչի: Ազատիր ինձ այդ տանջանքից, այսինքն հնարավորինս արագ ուղարկիր ինձ այդ գումարը…

… Ի սեր Աստծո, բանկիրին ճիշտ հասցեն կտաս՝ Hombourg, և ոչ թե Hambourg: Գրիր հասցեն թղթի վրա: Անհամբերությամբ կսպասեմ: Ստալանով՝ ես անհապաղ կգամ…

Հ. Գ. Ի սեր Աստծո, արագացրու գումարի հարցով: Երանի հնարավորինս արագ այստեղից հեռանամ: Գումարը ուղարկիր poste restante հասցեով: Տանջեցի ես քեզ, իմ հեշտակ:

Դոստոևսկիի կնոջ օրագրում պահպանվել է գրություն այս նամակի մասին. «Ես արդեն պատրաստ էի կարդալ այն, ինչ գրված էր նամակում: Ես գիտեի, որ նա ամբողջ գումարը տարվել է, և նրան միջոցներ են հարկավոր, և ինձ դա բոլորովին չզարմացրեց: Բայց ես ուրախ ու երջանիկ էի, որ Ֆեդյան ինձ այդքան սիրում էր և որ այդքան վախեցել էր, երբ ինձնից նամակ չէր ստացել»:

Ֆ. Մ. Դոստոևսկիից Ա. Գ. Դոստոևսկային

Թարգմանությունը՝ Մարինա Առաքելյանի

qayl.am