Մարտի 9֊ին լրացավ հորս՝ Ռաֆայել Իշխանյանի 98 ամյակը։ Այս խուճապային օրերին հարզատներս հիշեցին նրա այս պատմվածքը.
ԻՄ ԵԶԴԻ ԸՆԿԵՐԸ
Վազիրը եզդի էր, իմ ընկերը, թեեւ մի տասնհինգ տարի ինձնից մեծ էր: Իրենց գյուղում հովիվ էր եղել: Ընկերացել էինք պատերազմի օրերին, ռազմաճակատում: Ճիշտ է, իրար հետ երկար չմնացինք, բայց հաճախ եմ հիշում նրան, քանի որ իմ ճանաչած բոլոր մարդկանցից նա ամենաանվախն էր:
Հնում էլ, հիմա էլ շատ են գրում հերոսության, անվախության մասին: Պատերազմի ժամանակ ես շատ վտանգների մեջ եմ ընկել՝ ռումբերի ու գնդակների տարափի տակ, արկերն ու ականները կողքիս՝ աջ ու ձախ պայթել են, հողը քանդել: Ու ես միշտ վախեցել եմ: Չեմ ճաշակել այն զգացողությունը, որ կոչվում է անվախություն, որն ըստ ոմանց պատմածների, շատերին է բաժին ընկնում պատերազմի ժամանակ: Եվ ինձ հետ եղած զինվորների մեջ էլ չեմ հիշում որեւէ մեկին, որ վախի զգացումից լիովին ազատ լիներ: Բացի մեկից: Դա Վազիրն էր:
Ռմբակոծության ժամանակ ես սեղմվում էի գետնին ու երբ ընկնող ռումբերի սուլոցը մոտենում էր, ինձ միշտ թվում էր, թե ռումբն ուղիղ գլխիս է ընկնելու: Իսկ Վազիրն այդ ժամանակ չէր էլ պառկում, հանգիստ նստած էր մնում, երբեմն՝ ծխում էր: Քայլելիս էլ, երբ հակառակորդի օդանավերը երեւում էին, բոլորս ճանապարհից դես ու դեն էինք փախչում, պառկում: Վազիրը մնում էր կանգնած կամ նստում մի տեղ, որ վրան չխոսեն:
Մի անգամ հսկա տան սրահում էինք գիշերում: Կեսգիշերն անց՝ տագնապ եղավ, գերմանական օդանավերն էին գրոհում: Բոլորս դուրս թափվեցինք՝ ով խրամատի մեջ գցեց իրեն, ով ամուր կպավ գետնին: Ահավոր ռմբակոծություն էր ու երկար էլ տեւեց: Ամեն ինչ մեր շուրջը քարուքանդ էր, սպանվածներ ու վիրավորներ կային: Վազիրին փնտրեցի: Չկար: Հետո նրան գտանք կիսաքանդ սրահի մի անկյունում քնած:
– Այ Վազիր, բա չլսեցի՞ր, էս մի ժամ կլինի ռումբ էին թափում:
– Լսեցի, բայց չվերկացա: Որ սպանելու լինի, ուր էլ գնամ, կսպանի:
Սա նրա փիլիսոփայությունն էր: Նա խոր համոզում ուներ, որ եթե գնդակը կամ ռումբի բեկորը դիպչելու է, որտեղ էլ լինի, կդիպչի:
– Մարդու աջալը որ էկավ, պրծում չկա:
Իհարկե, կարեւորը փիլիսոփայությունը չէր, այլ այն, այսպես ասած, կիրառելը:
Մարդիկ կան, որ գույները չեն տարբերում, կան այնպիսիք, որ հոտ չեն զգում: Վազիրն էլ զուրկ էր վախի զգացողությունից:
Մի լավ ընկեր էլ ունեինք մեր վաշտում՝ մորդովացի Յաշան: Հրաշալի տղա էր՝ միշտ ուրախ, երգող-պարող, զվարճախոս: Նա Վազիրի փիլիսոփայությանը խիստ դեմ էր ու վիճում էր հետը: Եվ քանի որ Վազիրը ռուսերեն բոլորովին չգիտեր, ես թարգմանչի դեր էի կատարում: Յաշան զայրանում էր, ձեռքերը շարժում, ձայնը բարձրացնում, ապացուցում, որ Վազիրը սխալ է: Իսկ սա խաղաղ ժպտում էր ու դանդաղ ծոր տալիս.
– Էս պռոշիս երկու մազը կպոկեմ, թե որ…
Դե արի ու թարգմանի:
– Իմ ախպորն ասա, որ մահից փախչել չկա: Համ էլ ինչ նշանակություն ունի հենց հիմա կխփի, թե մի ամիս հետո, յա ըստեղ շունչդ կփչե՞ս, թե տուն գնաս հետո…
Տաք հարավի զավակն այսպես սառնասիրտ էր մտածում ու հանգիստ խոսում, իսկ ցուրտ հյուսիսի զավակ Յաշան, այդ հանգստության վրա ավելի էր տաքանում, գոռում:
Վազիրը մի ուրիշ փիլիսոփայություն էլ ուներ: Այն խոսքը, որ «Ջանսաղություն (ողջություն) թող լինի, խայտառակություն միշտ կլինի», վերափոխել ու ասում էր՝ «Ջանսաղություն որ ըլնի, խայտառակություն միշտ կլնի»: Յաշան սրան էլ համաձայն չէր ու էլի վիճում էր: Պարզ է, որ փիլիսոփայի հետ փիլիսոփան է վիճում: Եվ Յաշան էլ, իրոք, իր փիլիսոփայությունն ուներ: Նա չէր հավատում ճակատագրին, չէր ընդունում, որ «խայտառակությունը» մարդու մեջ է: Մի խոսքով, Վազիրի բոլոր ասածներին դեմ էր, բայց շատ ջերմ ընկերներ էին:
Մի անգամ էլ Վազիրը մի պատմություն արավ, եւ ես թարգմանեցի Յաշային: Վազիրենց գյուղում երկու եզդի ընտանիքների մեջ թշնամություն է առաջանում, արյան վրեժի հարց: Վազիրի եղբայրներից մեկին սարերում սպանում են, եւ Վազիրենք կասկածում են հարեւան գերդաստանի եղբայրների վրա: Հետո թշնամությունը սաստկանում է: Ոչխարը սարը տարած ժամանակ Վազիրը մոտիկ կրակոցների ձայն է լսում, հետո պարզվում է, որ մոտակայքում սպանել են հակառակ գերդաստանի եղբայրներից մեկին: Վազիրին ձերբակալում են: Քննություն, դատ է լինում, որոշում են գնդակահարություն: Վազիրին վերջին խոսք են տալիս, նա էլ ասում է.
-Ասել եմ անմեղ եմ ու էլ եմ ասում: Հիմա ինչ ուզում եք արեք: Բայց իմացեք, որ գնդակահարությունը ձեր որոշումն ա ու վերջնական չի, Աստծու որոշումն էլ կա:
Շրջկենտրոնից Վազիրին քաղաք տանելու ժամանակ սարահարթում ամպրոպ է լինում, կայծակը խփում է, ու նրա զինյալ երկու ուղեկցողներին սպանում: Վազիրը վերադառնում է շրջկենտրոն ու ներկայանում միլիցիա:
Հետո նոր քննություն են նշանակում եւ Վազիրին արդարացնում:
Յաշային այս պատմությունը հետաքրքրեց, բայց, միեւնույն է, Վազիրի փիլիսոփայությունը նա չնչին չափով անգամ չընդունեց:
Առաջխաղացման ժամանակ մի անգամ ցերեկով նստած ճաշում էինք: Այդ օրը հակառակորդի մի օդանավ էր գալիս, մեր գլխի վերեւում պտտվում-պտտվում, մի քանի ռումբ գցում ու հեռանում: Հետո նորից էր գալիս ու էլի ռումբեր թափում: Զենիթայինները կրակում էին, բայց չէր դիպչում:
Այդպես, մենք երեքով իրար մոտ գետնին նստած էինք, ճաշամանները (կատիլոկները) մեր առաջ դրած՝ տաք շիլա էինք ուտում:
Օդանավը նորից երեւաց: Ռումբերի սուլոցներն սկսվեցին: Բոլորը պառկեցին, ոմանք թաքստոցներ մտան: Յաշան ու ես մեզ գցեցինք կողքի խրամատը: Պայթյուններն սկսեցին ու շուտ էլ վերջացան: Օդանավը հեռացավ: Երբ ոտքի էի կանգնում, ձեռքս սապոգիս դիպավ, վրան ինչ-որ լպրծուն բան կար: Կարծեցի շիլան է թափվել կատիլոկից: Բայց տեսա, որ մեր կատիլոկներն իրենց տեղում են, իսկ Վազիրը մնացել է նստած ու շարունակում է ճաշն ուտել: Հետո միանգամից վեր թռավ՝
– Յաշա՜:
Յաշա չկար: Ռումբը խրամատի մեջ էր ընկել, բեկորը Յաշայի գանգը ջախջախել էր, եւ ուղեղը ցրել աջ ու ձախ, մի կտորն էլ սապոգիս էր կպել:
– Գնաց ախպերս,- սա էլ Վազիրի հրաժեշտի խոսքն էր:
Խեղճ Յաշա, նա էլ գնաց: Էլ ո՞վ պիտի վիճեր Վազիրի հետ, եւ ես ո՞ւմ համար պիտի թարգմանչի դեր կատարեի:
Իսկ Վազիրի նստած տեղից մոտ մի մետրի վրա բարձր խոտն ամեն կողմից ներս էր խցկվել հողի մեջ: Նայեցի, ռումբի ընկած տեղն էր, խրվել էր հողի մեջ ու չէր պայթել:
– Վազիր, իմացա՞ր, որ կողքիդ ռումբ ընկավ:
– Բա ոնց: Շվվոցն էլ էկավ, թրխկոցն էլ: Բայց դե աջալս չի էկել, չպայթեց:
Մեր զորամասից շատ մարդ սպանվեց, շատ էլ վիրավորվեցին: Ես էլ ծանր վիրավորվեցի ու այդպես բաժանվեցի Վազիրից: Այլեւս նրան չտեսա:
Երբ բանակից վերադարձա, մի քանի տեղով հետաքրքրվեցի նրա մասին: Իմացա, որ ողջ է, նույնիսկ չի վիրավորվել, ու շարունակում է իր հովվությունը: Որոշել էի գնալ այցելության, բայց անընդհատ հետաձգում էի, ու տարիները թռան, անցան:
Միայն վերջերս, երբ արդեն հաստատ պիտի գնայի նրանց գյուղը, իմացա, որ չկա այլեւս: Վատ եղա, ինձ շատ մեղադրեցի, ափսոսացի: Այնուամենայնիվ գնացի: Պատմեցին, որ անցած տարի մի օր սարից տուն վերադառնալով, բակում կանգնում է եւ մահակին հենված կանչում տղաներին.
– Դարվի՜շ, Շմո՜, Վզգո՜…
Տղաները մի փոքր ուշացումով գալիս են, տեսնում, հայրը աչքերը փակ, մահակին հենված, անշարժ մնացել է: Այդպես էր եկել Վազիրի «աջալը»: