Այսօր բանաստեղծ Արմեն Շեկոյանի ծնունդն է։ 17 տարի առաջ, մայիսին, երբ նա նոր էր հաղթահարել իր կյանքի կես դարը, «Հետք-ի համար մի հարցազրույց արեցի։
Վերնագիրը՝ «Պահակներ կան, որ հսկում են օդը», շատ կսազեր այսօրվա մեր իրավիճակին, հատկապես եթե պահակի փոխարեն պարետ գրեինք։
Շնորհավորելով եւ առաղջություն մաղթելով մեծ ընկերոջս, ուզում եմ ՖԲ-ում տեղադրել Շեկոյանին առավել ցայտուն ներկայացնող մի հատված այդ հարցազրույցից։
***
Ես քննադատողներին էլ եմ ընդունում, գովացողներին՝ առավել եւս։ Վերջերս «Գրական թերթի» խմբագիրը դարակից մի հոդված հանեց, ասաց՝ քո դեմ են գրել։ Կարդացի, ամեն էջում մի քսան տեղ այդ քննադատը գրել է. «եւ պատահական չէ, որ ընթերցողը չընդունեց Անտիպոեզիան»։ Ես չեմ հասկանում, ընթերցողների հետ հանդիպե՞լ է։ Ես գիտեմ, որ գրողները շատ են դարդ անում, որ այսօր ընթերցող չկա, ես այդ դարդն էլ չեմ անում։ Ես ասում եմ, որ իմ ընթերցողները եթե չեն ավելացել, գոնե չեն պակասել այն թվերի համեմատ, երբ 30 հազար տպաքանակով գիրք էինք տպում։ Այդ գրքերն առնում էին, բայց մեծ մասը չէր կարդում։ Իսկ հիմա ես զգում եմ ընթերցողի գոյությունը՝ ի տարբերություն շատ-շատերի, ի տարբերություն այդ քննադատի։ Ես շատ եմ տխրում, երբ քննադատն իմ այսօրվա գործերին կպնելու համար բերում է իմ հին գրքերը, թոշնած, գլավլիտի հազար ձեռքով անցած, հազար բառ փոխած բանաստեղծությունները բերում դնում է իմ այսօրվա գրածների դեմ եւ ասում է՝ նրանք լավն էին։ Ուղղակի խղճում եմ այդ քննադատին, որովհետեւ պարտադիր չի, որ քննադատն ասի, թե որն է լավը կամ որն է վատը։ Քննադատը պետք է ցույց տա, ինքն այդ գիրքն ընկալե՞լ է, թե՝ չէ, ընկալե՞լ է գրքի արժեքը։
Կարդում է ու որոշում գրել գրքի դեմ։ Այ մարդ, մյուս գիրքն է դուրդ եկել, մյուսի մասին գրի։ Իմ գրքի դեմ 7-8 հոդված է գրվել, բայց չէ՞ որ ես այդ գրքի ծախսը ոչ պետբյուջեից եմ վերցրել, ոչ էլ հոնորար եմ ստացել որեւէ տեղից։ Իրենք այնքան մեծահոգություն չունեն, որ գոնե հանդուրժեն քեզ, ինչպես հանդուրժում են բանաստեղծություն գրող մի սովորական կոշկակարի։ Ամեն օր չեն քննադատում չէ՞ այդ կոշկակարին։ Ես այդքան եմ ուզում, ավել բան չեմ ուզում, ուզում եմ պոեզիայի վրա այդ կոշկակարի չափ իրավունք ունենամ՝ ոչ ավել, ոչ պակաս։ Պատկերացրեք՝ ես գրքիս վերնագիրը դնում եմ «Անտիպոեզիա», իրենք քննադատում, քննադատում են, վերջը գալիս եզրակացության, որ սա հակապոեզիա է։ Ես վերնագրի մեջ արդեն դրել եմ, էլ ինչու ես քեզ տանջում։ Այսինքն՝ ես առանց դերասանության որոշել եմ մի բան գրել, որի անունն արդեն պոեզիա չի, բայց իրենք բերում հին անվան տակ են քննարկում։
Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան էջից: