Լինում է, չի լինում մի փայտագործ: Այս փայտագործը սիրում էր գնալ անտառ և փնտրել ծառեր, որոնք արդեն չորացել են: Նա երբեք ձեռք չէր տալիս ապրող ծառերին: Եվ ահա, հերթական անգամ փայտագործը քայլում էր անտառում և փնտրում չորացած ծառեր, որպեսզի դրանց փայտից պատրաստեր ափսեներ, գդալներ, մոմակալներ, շվիներ, գրիչներ, զարդեր… Մի խոսքով, ինչ մտքներովդ կանցնի, որ հնարավոր է պատրաստել փայտով: Քայլում էր փայտահատը անտառում, և հանկարծ արտակարգ, սքանչելի երաժշտություն է ընկնում նրա ականջով:
«Այս ի՜նչ գեղեցիկ երաժշտություն է… Այս ի՞նչ թռչուն է երգում այսպես…»,- մտածում էր փայտագործն ու քայլում երաժշտության ուղղությամբ: Փայտահատը հասել էր անտառի խորքերը և որքան խորանում էր` այնքան մթնում ու դժվարանում էր ճանապարհը, որովհետև անտառի ամենախորքերում ծառերը խիտ են` արևը մնում է թանձր սաղարթների մեջ, և ամեն քայլափոխին պետք է ձեռքերով ազատել ճանապարհը ճյուղերից ու բարձր բույսերից: Գնում է, գնում է փայտահատը, ոչինչ չի վախեցնում նրան, ոչինչ չի կարող ստիպել նրան շրջվել ու տուն վերադառնալ, որովհետև անհնար է մեկ անգամ լսել այդ երաժշտությունը և մոռանալ նրան, չփորձել մոտենալ նրան, չփորձել պարզել, թե որտեղից է գալիս այդ մեղեդին: Իսկ մեղեդին գնալով ավելի ու ավելի պարզ է հնչում, և փայտահատը հասկանում է, որ մոտենում է այդ հրաշքին: Մեկ էլ փայտահատը կանգ է առնում մի բարձր, բայց չորացած ծառի մոտ և հասկանում է, որ երաժշտությունը հենց այդտեղից է գալիս:
Ծառերի ճյուղերին է նայում, որ հասկանա, թե այդ ի՞նչ թռչուն է այդպես երգում: Բայց ոչ մի թռչուն չկար: Եվ փայտագործը հասկանում է, որ երգողը հենց ծառն է` այդ բարձր, բայց չորացած ծառը: Գրկում է ծառին փայտագործը, շոյում է նրան և ասում. «Խնդրում եմ, թույլ տուր պոկել քո ճյուղերից մեկը և տանել ինձ հետ, որպեսզի միշտ հիշեմ քո երգը»:
Ծառը իջեցնում է իր ճյուղերից մեկը, փայտագործը պոկում է և հեռանում: Նա հեռանում է ծառից, իսկ երաժշտությունն անընդհատ իր հետ է: Եվ նա հասկանում է, որ ծառի այդ ճյուղն էլ` երգում է: Ճանապարհին ոչ մի գազան չի մոտենում փայտահատին` ո՛չ սոված գայլերը, ո՛չ խորամանկ աղվեսները, ո՛չ վայրի վարազները, ո՛չ արջերը: Ուշ գիշեր էր, երբ նա հասնում է իր արհեստանոց: Ու չնայած այդքան քայլել էր անտառում, բայց բոլորովին հոգնություն չէր զգում: Որոշում է ավարտին հասցնել այն փոքրիկ դաշնամուրը, որ սկսել էր պատրաստել դեռ մինչև անտառ գնալը: Եվ այդ դաշնամուրի մի կտորը դառնում է երգող ծառի ճյուղը: Բայց դաշնամուր դառնալուն պես ճյուղը, ցավոք, լռում է. այլևս չի երգում: Փայտահատը շատ է վշտանում:
Մտածում է` «Գուցե պետք չէ՞ր այդ երգող ճյուղից որևէ բան պատրաստել: Չէ՞ որ նա արդեն երգում էր: Ի՞նչ կարիք կար նրան տաշել-տաշտշել, մեխերով ամրացնել»: Այս մտքերի մեջ էր փայտահատը, չէր էլ նկատել, որ լույսը վաղուց բացվել է: Մեկ էլ արհեստանոցի դուռը` տու՛կ-տու՛կ` ծեծում են և ներս է մտնում իր ընկերներից մեկը` շատ տխուր, շատ վշտահար:
– Ի՞նչ է պատահել,Սիփան, ինչու՞ ես այդքան տխուր:
– Է՛հ, Արդին, աղջիկս շատ հիվանդ է, շատ… Ոչինչ չի օգնում նրան, ոչ մի բժիշկ, ոչ մի բուժում, ոչ մի բան, հասկանու՞մ ես… Աղջիկս, աղջիկս… Չգիտեմ` ի՞նչ անեմ նրա համար, ինչպե՞ս փրկեմ իմ փոքրիկ աղջկան:
Փայտագործի աչքերը լցվում են արցունքներով: Նա այնքան շատ էր սիրում Սիփանի փոքրիկ աղջկան` Սիրիկին, որ այնքան ուրախ, սիրունիկ բալիկ էր, ախր ինչու՞ պիտի այդպես հիվանդանար… Մեկ էլ հանկարծ փայտագործի աչքերը միանգամից պայծառանում են, վեր է թռչում տեղից, վերցնում հենց նոր պատրաստած դաշնամուրը, թե.
– Սիփան, վե՛ր կաց, գնում ենք ձեր տուն:
– Արդին, նա շատ թույլ է, նա նույնիսկ չի կարող մատիկով ծնգացնել դաշնամուրի ստեղներին…
– Ե՛ս եմ նվագելու Սիրիկի համար:
– Դու նվագել գիտե՞ս,- զարմացած հարցնում է Սիփանը:
– Գործ չունես, վե՛ր կաց` ասում եմ, գնու’մ ենք:
Սիփանն ու Արդինը մեծ քայլերով ու շատ արագ հասնում են տուն, մտնում այն սենյակը, որտեղ պառկած էր փոքրիկ աղջիկը` գունատ, աչքերը փակ:
– Սիրիկ, տես` քեզ ինչ եմ բերել,- ասում է հայրիկը:
Աղջիկը փորձում է բացել աչքերը, բայց հազիվ թարթիչներն է դողացնում: Այդ ժամանակ Արդինը բացում է դաշնամուրի կափարիչը և փորձում հիշելով ու մեկ մատով նվագել այն երգը, որ շատ տարիներ առաջ սովորեցրել էր իրենց հարևանուհին, երբ փոքր էին` համարյա Սիրիկի տարիքին: Դեռ երկու-երեք նոտա նոր էր նվագել, երբ դաշնամուրն սկսում է նվագել այն մեղեդին, որ երգում էր չորացած ծառը անտառում: Հանկարծ Սիրիկը սկսում է փակ աչքերով ժպտալ, քիչ հետո` աչքերը բացում է, հետո նստում է տեղում, սկսում ծափ տալ, մեկ էլ հո՛պ` ցատկում անկողնուց ու սկսում պարե՜լ, պտտվե՜լ ու պտտվե՜լ… Սիրիկի պարին միանում են նրա հայրիկն ու մայրիկը, ավագ եղբայրն ու քույրը և անգամ ոտքերը ցավացող տատիկը: Ինչպե՜ս էին պարում, ինչպե՜ս էին ուրախանում: Քիչ հետո ողջ բակն էր պարում նրանց հետ և բոլորը ուրախությունից գրկում էին Սիրիկին ու պտտեցնում ուժեղ, արագ և այնքան երկար, մինչև երկուսի գլուխներն էլ պտտվեին: