Հայաստանը որոշակի աշխատանքներ է տանում՝ թոքերի արհեստական օդափոխման սարքերի տեղական արտադրություն սկսելու ուղղությամբ. պետությունը հիմա դեռ աշխատում է նախագծի վրա՝ հասկանալու, թե ինչպես կարող են առաջ շարժվել:
Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Մենք հիմա աշխատում ենք նախագծի վրա, որպեսզի հստակ մոդելավորենք, թե ինչպես ենք գնում առաջ՝ սկզբում նախագծում, հետո արտադրություն, և ովքեր դա կանեն: Մենք փորձելու ենք մրցակցային մեխանիզմներ կիրառելով դա անել, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ ժամանակային շատ շռայլություն չպետք է ունենանք: Եվ եթե անհրաժեշտ լինի արագ լուծումներ գտնել, կգտնենք: Առաջիկա օրերին ամբողջական պատկերն ունենալուց հետո կունենանք լուծումները: Դրանց արտադրության համար, կարծում եմ, ներուժ կա»,-ասաց նախարարը:
Նա նկատեց՝ այլ է կլինիկական փորձարկումների և սերտիֆիկացիայի հարցը, որը նախագծող ընկերությունների խնդիրն է: Բժշկական սարքավորումները սերտիֆիկացիայի և կլինիկական փորձարկումների համար սովորաբար բավականին երկար ժամանակ և միջոցներ են պահանջվում: «Բայց պետք է հաշվի առնենք, որ աշխարհում հիմա վակուում կա, այդպիսի սարքերի պահանջարկը տասնյակ անգամ գերազանցում է առկա արտադրական հզորությանը: Եվ սա, կարծում եմ, լավ հնարավորություն է»,-ասաց Արշակյանը: