Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն սկսելու նպատակով նյութեր ձեռք բերելու համար բանակցում է մի շարք երկրների արտադրողների հետ: Արտադրությունը կսկսվի նյութերը ձեռք բերելուց հետո:
Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:
Նա նախ նշեց՝ արտադրություն սկսելու իրենց նախաձեռնությունն ունի մի քանի նպատակ՝ փորձել ստանալ ավելի արդյունավետ թեստեր, փորձել անխափան մատակարարում ապահովել: Ներկայում քննարկում են արտադրության հետ կապված մի շարք հարցեր: Միևնույն ժամանակ ինստիտուտում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
«Անհրաժեշտ սարքավորումներ կան: Մենք նաև ուսումնասիրում ենք հնարավորությունը՝ որոշակի սարքավորումներ ձեռք բերելու, որոնք անհրաժեշտ չեն, բայց կարող են գործընթացն արագացնել: Աշխատանքային պրոցեսի մեծ մասը կազմում է անհրաժեշտ նյութերի արտադրողների հետ բանակցություններ վարելը: Արտադրությունը կսկսվի, երբ համապատասխան նյութերը կարողանանք ձեռք բերել: Բանակցում ենք տարբեր երկրների արտադրողների հետ»,-ասաց Առաքելյանն ու նշեց՝ արտադրության մեկնարկի կոնկրետ ժամկետ չի կարող նշել, դեռ աշխատանքներ են տանում:
Կառավարության կողմից տրամադրվող գումարը հիմնականում հատկացվելու է հումքին:
<Հարցին, թե արդյոք Հայաստանում արտադրվող թեստերը որակային առումով կտարբերվեն արտասահմանյան թեստերից, նա ասաց՝ թեստերը լինելու են նման այն ներկրված թեստերին, որոնք այս պահին առկա են Հայաստանում: Ինստիտուտը տեսականում ցանկանում է նաև անել այնպես, որ դրանք լինեն ավելի մատչելի, քան ձեռք բերվածները, սակայն դեռ վաղ է այդ մասին խոսելը: Նա վստահեցրեց, որ ինստիտուտն ունի այդ թեստերն արտադրելու ներուժ, առկա են սարքավորումներ, ենթակառուցվածքներ, ինստիտուտն ունի նմանատիպ աշխատանքների բավականին մեծ փորձ:
Հարցին, թե հետագայում Հայաստանում արտադրվող թեստերն արտահանման ներուժ կունենան, թե ոչ, Առաքելյանը պատասխանեց, որ առաջնային խնդիրն այս պահին Հայաստանի համար արտադրություն ապահովելն է, հետագայում՝ կարող է այդ հնարավորությունը լինի, կարող է ոչ:
Ընդհանուր արտադրության գործընթացը բարդ չէ:
Այն հիմնված է լինելու արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա, որի համար անհրաժեշտ հումքը/նյութերը հնարավոր է ձեռք բերել։ Թեստերը նախատեսված են լինելու պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով ախտորոշման համար, որը գենետիկական հետազոտություն է և ներկայումս օգտագործվում է կորոնավիրուսի ախտորոշման համար ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից։
ՀՀ կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում կատարելու որոշում է ընդունել, որպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն: