Հատվածներ Իոսիֆ Բրոդսկու ելույթից, որով Անն Արբոր ստադիոնում` 1988թ., հանդես է եկել Միչիգանի համալսարանի շրջանավարտների առաջ:
1. Փորձեք ընդլայնել ձեր բառապաշարը և դրա հետ վարվել այնպես, ինչպես վարվում եք ձեր բանկային հաշվի հետ: Մեծ ուշադրություն հատկացրեք ձեր բառապաշարին ու փորձեք բարձրացնել ձեր դիվիդենտները: Նպատակն այն չէ, որ նպաստեք ձեր պերճախոսությանը ննջարանում կամ մասնագիտական հաջողություններում, թեև ավելի ուշ հնարավոր է և դա, և ոչ էլ ձեզ դարձնել աշխարհի գիտակներ, այլ այն, որ հնարավորություն տաք ինքներդ ձեզ արտահայտվել որքան հնարավոր է ամբողջական ու հստակ, մի խոսքով` նպատակը ձեր հավասարակշռությունն է:
Ամեն նոր օրվա հետ մարդու հոգում շատ բան է փոխվում, բայց միևնույն ժամանակ, արտահայտվելու միջոցը մնում է նույնը: Արտահայտվելու ունակությունը հետ է մնում փորձից: Զգացմունքներ, գույներ, մտքեր, ընկալումներ, որոնք մնում են անանուն, չարտահայտված, կուտակվում են անհատի մեջ ու կարող են հանգեցնել հոգեբանական պայթյունի կամ տապալման:
Դրանից խուսափելու համար պարտադիր չէ վերածվել «գիրք կրծողի»: Ուղղակի պետք է ձեռք բերել բառարան և այն կարդալ ամեն օր, իսկ երբեմն պետք է կարդալ նաև բանաստեղծական գրքեր: Դրանք շատ մատչելի են, բայց նույնիսկ դրանցից ամենաթանկն ավելի մատչելի է , քան մեկ այցը հոգեբանի մոտ:
2. Փորձեք հույսներդ շատ չդնել քաղաքական գործիչների վրա ոչ այնքան նրա համար, որ նրանք խելացի չեն կամ անազնիվ են, ինչպես սովորաբար լինում է, այլ նրանց աշխատանքի մասշտաբի համար, որը բավականին մեծ է նույնիսկ նրանցից լավագույնների համար: Լավագույն դեպքում նրանք կարող են մի փոքր մեղմացնել սոցիալական չարիքը, բայց արմատախիլ անել չեն կարող: Որքան էլ որ իրական լինի բարելավումը, մեկ է, էթիկայի տեսանկյունից այն միշտ աննշան է լինելու, որովհետև միշտ կլինեն այնպիսիք, թեկուզ մեկ մարդ, որն օգուտ չի ստանա այդ բարելավումից:
3. Աշխարհը կատարյալ չէ. Ոսկե դար երբեք էլ չի եղել ու չի լինելու: Միակ բանը, որ կլինի աշխարհի հետ, այն է, որ այն կմեծանա, այսինքն` մարդիկ կշատանան` չմեծացնելով չափերը: Որքան էլ արդար լինի մարդը, որին դուք ընտրել եք, մեկ է, նա չի խոստացել կիսել կարկանդակը, նա չի մեծացնի չափսերը. չափաբաժիններն ավելի փոքր կդառնան: Դրա լույսի ներքո կամ, ավելի շուտ, դրա մթությունում, պետք է հույսներդ դնեք ձեր սեփական խոհարարության վրա, այսինքն` աշխարհը ղեկավարեք ինքնուրույն, համենայնդեպս, այն մասը, որը հասանելի է ձեզ:
4. Փորձեք համեստ լինել: Հիմա արդեն մենք շատ ենք, իսկ շուտով ավելի կշատանանք: Արևի տակ տեղ գտնելու համար այս մաքառումը կատարվում է ուրիշների հաշվին. մարդկանց, որոնք չեն պայքարում: Այն, որ ստիպված եք լինելու կանգնել ինչ-որ մեկի ոտքի վրա, չի նշանակում, որ դուք պետք է կանգնեք նաև նրանց ուսերին: Բացի այդ, այն ամենը, ինչ կտեսնեք այս տեսանկյունից, մարդկային ծով է, գումարած նրանց, ում դիքորոշումը նման է ձերին`տեսանելի, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ անհուսալի, նրանք, ում դուք անվանում եք հարուստներ ու հռչակավորներ:
5. Եթե դուք ուզում եք դառնալ հարուստ կամ հռչակավոր, կամ թե՛ մեկը, թե՛ մյուսը, շատ լավ, բայց ամբողջովին մի տարվեք դրանով: Ցանկանալ մի բան, որն ունի ուրիշը, նշանակում է՝ կորցնել սեփական ինքնատիպությունը: Մյուս կողմից, դա, իհարկե, խթանում է զանգվածային արտադրությունը:
6. Խուսափեք ինքներդ ձեզ զոհի կարգավիճակ տալուց: Որքան էլ որ անտանելի լինի ձեր վիճակը, փորձեք արտաքին ուժերին չմեղադրել դրանում: Օրինակ` պատմությանը, կառավարությանը, ղեկավարությանը, ռասային, ծնողներին, լուսնի շրջափուլերին, մանկությանը, վաղաժամ վայրէջքին, և այլն: Այն պահին, երբ մեղքը գցում եք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի վրա, դուք խափանում եք ինչ-որ բան փոխելու սեփական վճռականությունը:
7. Ընդհանուր առմամբ փորձեք հարգանքով մոտենալ կյանքին՝ ոչ միայն նրա հրաշքների, այլև դժվարությունների համար: Դա խաղի մաս է կազմում, ինչպես և դուք շուտով կհայտնաբերեք, և կասկածում եմ, թե դա խաբկանք է: Ամեն անգամ, երբ դուք հուսահատ կամ հուսահատության եզրին եք, երբ ունեք անհաջողություններ կամ դժվարություններ, հիշեք` ձեզ հետ խոսում է կյանքը` իրեն հայտնի միակ լեզվով:
8. Այն աշխարհը, որտեղ դուք պատրաստվում եք մուտք գործել, լավ համբավ չունի: Դա քնքուշ տեղ չէ, ինչպես դուք շուտով կհայտնաբերեք: Կասկածում եմ, որ այն ավելի հաճելի կդառնա այն ժամանակ, երբ դուք այն լքեք: Միևնույն ժամանակ, դա միակ աշխարհն է, որը դուք ունեք: Այլընտրանքներ չկան, իսկ եթե լինեն էլ, ապա երաշխիք չկա, որ դրանից լավը կլինեն:
9. Փորձեք ուշադրություն չդարձնել նրանց վրա, ովքեր կփորձեն ձեր կյանքը դժբախտ դարձնել: Այդպիսիք շատ կլինեն ինչպես՝ «պաշտոնական պարտավորվածությամբ», այնպես էլ` ինքնանշանակմամբ: Հանդուրժե՛ք, եթե չեք կարող խուսափել նրանցից, բայց հենց որ նրանցից ազատվեք` անմիջապես մոռացեք:
10. Այն, ինչ անում են ձեր թշնամիները, իր նշանակությունը կամ կարևորությունը ձեռք է բերում նրանից, թե ինչպես եք դրան արձագանքում: Դրա համար անցեք նրանց միջով կամ կողքով, ասես նրանք դեղին լույս են, այլ ոչ թե կարմիր: Այդպես դուք կազատեք ձեր ուղեղն անօգուտ անհանգստությունից: Հնարավոր է, որ այդպես դուք փրկեք նաև այդ տխմարներին հենց իրենցից: Մոռացված լինելու հեռանկարը կարճ է ներված լինելու հեռանկարից:
Ալիքը փոխեք. դուք չեք կարող վերջ տալ այդ ցանցի հեռարձակմանը, բայց, համենայնդեպս, ձեր ուժերի սահմաններում է իջեցնել ռեյտինգը: Այս որոշումը դժվար թե դուր գա հրեշտակներին, բայց այն միանշանակ կհասցնի հարված չարքերին, իսկ այս պահին դա ամենակարևորն է:
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը
Աղբյուրը` adme.ru