Էբոլա տենդի բուժման համար նախատեսված դեղը կարող է արդյունավետ լինել նաև կորոնավիրուսի դեմ: Այսպիսի եզրակացության են հանգել կանադացի վիրուսաբանները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Journal of Biological Chemistry-ում:
Ալբերտայի համալսարանի (Կանադա) գիտնականները նկատել են, որ ռեմդեսիվիր դեղամիջոցը, որը մշակվել է Էբոլա տենդի դեմ պայքարի համար, արդյունավետորեն արգելափակում է կորոնավիրուսի բազմացման մեխանիզմները:
Վիրուսաբաններ Մաթիաս Գյոթեն և Եգոր Չեսնոկովը կարծում են, որ ռեմդեսիվիրը կարելի է գնահատել որպես SARS-CoV-2-ի դեմ ուղղակի ազդեցության հեռանկարային հակավիրուսային միջոց: Ընդ որում՝ Գյոթեն նշել է, թե չի կարելի լաբորատոր հետազոտությունների հիման վրա միանշանակ ասել, որ դեղամիջոցն իրական պայմաններում արդյունավետ կլինի. անհրաժեշտ է համբերությամբ զինվել և սպասել կլինիկական փորձարկումների արդյունքներին:
Ռեմդեսիվիրը դեղամիջոցներից մեկն է, որոնց արդյունավետությունը ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետազոտում է աշխարհի 12 երկրներում անցկացվող փորձարկումների հիման վրա: Բժիշկների կարծիքով՝ հետազոտությունների արդյունքներին կարելի է սպասել արդեն ապրիլին կամ մայիսին: