Լինում է, չի լինում մի տղա, անունը` Տղատղա: Նա ուրախ ու աշխույժ էր: Շատ սիրում էր վազվզել, թռվռալ, ծամածռվել և ֆուտբոլ: Իհարկե, երբեմն ոտքը կամ ձեռքը վնասում էր, բայց, ինչպես տատիկն էր ասում`
– Բան չկա՜, կանցնի’:
Եվ այդպես էլ կար: Տատիկը երբեք չէր ստիպում Տղատղային ուտել այն, ինչ նա չի սիրում, դե, օրինակ, գազարով, բազուկով աղցան:
Տղատղան նախընտրում էր այդ համեղ բանջարեղեններն ուտել առանձին:
– Ոչինչ, ինչպես ուզում ես, այդպես էլ կեր, կարևորը` հաճույքով ուտես օգտակար բանջարեղենները:
Տատիկը նաև երբեք չէր ստիպում ապուրները, փլավները, շիլաները կամ տապակաները ուտել հացով:
– Հենց օրվա մեջ հաց ուզես, ասա, քեզ հաց կտամ, կարող եմ մեջը կարագ կամ պանիր դնել:
Տատիկը միայն նեղսրտում էր, երբ Տղատղան հրում էր ապուրով լի ափսեն, երբ այնտեղ սոխ էր տեսնում:
– Էլի սո՜խ…
– Ախր սոխը շատ օգտակար է, եթե ուտես` ուժեղ տղա կլինես:
– Չե’մ ուտելու, չե’մ սիրում սոխ, չե’մ ուզում:
Այդ օրը Տղատղան չկերավ իր սիրած ապուրը, որովհետև այնտեղ սոխ կար: Տխուր գնաց իր սենյակ` մի քիչ մուլտ նայելու, մի քիչ գիրք կարդալու, բայց մտքում դեռ կռվում էր տատիկի հետ` «Հազար անգամ ասել եմ, որ չե’մ ուտելու այդ զզվելի սոխը, թու’»: Մեկ էլ հանկարծ մի զրնգուն ձայն լսեց.
– Բայց ինչու՞ եք ինձ վիրավորում, ջանի’կ:
Տղատղան զարմացած նայեց ձայնի ուղղությամբ և ի՞նչ տեսնի` մի շատ գեղեցիկ փերի էր հայտնվել իր սենյակում` երկա՜ր, կանաչ մազերով: Փերին արագ հյուսում և բաց էր թողնում երկար մազերը: Բայց ամենազարմանալին նրա զգեստի գույնն էր` կրակագույն, ասես ուր որ է` կբռնկվի ու ամբողջովին կկարմրի:
– Ներեցեք, բայց Դուք ո՞վ եք:
– Եթե ասեմ, քեզ հաստատ դուր չի գա,- ժպտում էր փերին:
– Ոչինչ, դու ասա…
– Լավ… Որ այդքան շատ ես ուզում` իմացիր, ես սոխերի թագուհին եմ:
– Սոխերի թագուհի՞ն…
– Այո: Զարմացած ես, գիտեմ: Հաստատ չէիր սպասում, որ կգամ: Տես` ի~նչ գեղեցիկ մազեր ունեմ: Այո, կանաչ: Եվ լավն այն է, որ երբեք չեն խճճվում:
– Սոխերի թագուհի, դե որ եկել ես, ուրեմն արի զոմբիների խաղը խաղանք: Իբր մենք զոմբիներ ենք, ոստիկանները ուզում են մեզ բռնել, մենք փախչում ենք… Հետո ոստիկանները քեզ բռնում են, ես գալիս եմ, բոլորի ջարդը տալիս եմ ու քեզ ազատում…
– Հը’մ, շատ հետաքրքիր է, հիմա ուզում ես ինձ ազատել ոստիկաններից, բայց քիչ առաջ ինձ ասում էիր` թո’ւ, և ես գիտեմ` մտքիդ մեջ նույնիսկ ասել ես` յա’խք,- ասաց թագուհին և ժպտաց:
– Դե, ես ի՞նչ իմանայի, որ սոխերն այսքան գեղեցիկ թագուհի ունեն:
– Բայց սոխերը միայն գեղեցիկ չեն, այլև համեղ, օգտակար և զվարճալի: Այո-այո: Մեր պես զվարճալի բանջարեղեն աշխարհում չկա: Այնպես որ, Տղատղա, դու միայն գեղեցկությանը մի նայիր, այլև բովանդակությանը: Իրականում մենք շատ հումորով ենք և զվարճալի:
Տղատղան հազիվ զսպեց փռթկոցը:
– Շա՜տ զվարճալի… տատիկիս արցունքները վկա:
– Ահա, տեսնու՞մ ես, դու արդեն զվարճանում ես: Ամեն ինչ նոր է սկսվում: Այ, հիմա դու կտեսնես իսկական զվարճանքը: Դե, պատրաստվիր,- ասաց սոխերի թագուհին և սկսեց տեղում արագ պտտվելով` կրակագուն զգեստի փեշերը թափահարել ու կանչել,- սոխեր, սոխեր, սոխուկնե՜ր, դե շուտ եկեք, կծվիկնե՜ր, խուտուտ-մուտուտ սոխուկներ, տմբլափորիկ համովներ, կանաչավարս նախշուններ, արցունքի աճպարարներ, լաց-ծիծաղի մեծ մոգեր, առողջության դարբիններ…
Եվ սոխերի թագուհու զգեստի փեշերից դուրս էին թափվում փոքրիկ, ուրախ սոխուկներ` բոլորն էլ կանաչ մազերով, որ ցատկոտում էին Տղատղայի մահճակալի վրա, բարձրանում նրա ձեռքերին, ոտքերին, ուսերին և խուտուտ տալիս տղային: Տղատղան կչկչում էր, ծիծաղից թուլանում, սոխուկները ոգևորվելով ավելի զվարճալի էին պարում, տղայի աչքերից արցունքներ էին հոսում:
– Դե լավ, խաղն ավարտված է, սոխուկներ,- հայտարարեց սոխերի թագուհին, կրկին թափահարեց կախարդական զգեստի փեշերը, և սոխուկները, մեկը մյուսի մազերից կամ ականջից բռնած, անհետացան կրակագույն զգեստի ծալքերում:
– Ինչու՞ կանչեցիք ու տարաք նրանց, այդ ուրախ սոխուկներին, մենք այնքան լավ խաղում էինք… ,- դժգոհեց Տղատղան` մաքրելով արցունքները,- Քեզ ի՞նչ է, դու՞ր է գալիս մարդկանց լացացնել:
– Լսիր, Տղատղա, արցունքներն իրականում այնքան էլ սարսափելի չեն, որքան պատկերացնում ես:
– Սարսափելի են, նույնիսկ` շատ: Մանավանդ, եթե ուրիշների մոտ ես լացում: Տղաները չեն լացում, սոխերի թագուհի: Ամոթ է, երբ տղան լացում է:
– Օհ, ես չգիտեի, որ տղաները մարդազգի չեն:
– Ո՞նց մարդազգի չեն: Բա ի՞նչ են, հո շքանարգիզազգի չե՞ն` սոխերի պես:
– Մի խառնեք մեր` սոխերիս ազնիվ ազգին, Տղատղա… Ես գիտեմ, որ տղաները մարդազգի են: Իսկ բոլոր մարդազգիները, անգամ առյուծի սիրտ կերածները, լացում են, ջանի’կ: Արցունքները, եթե կուզես իմանալ, նույնիսկ օգտակար են: Նրանք լվանում են մեր աչքերը փոշուց, կեղտից… Այնպես որ, մենք` սոխերս, աչքի սանիտարներ ենք և լավ գիտենք ինչքան լացացնել, որ դրանից աչքերը չկարմրեն, այլ լվանալուց հետո շողան ու փայլեն:
– Իսկ եթե շատ տխրեմ, ի՞նչ անեմ, քեզ կանչե՞մ, որ գաս ու ասես, թե որքան լացեմ, որ ճիշտ լինի,- հեգնեց Տղատղան:
– Դե, եթե ուզում ես, կանչիր, ես սիրով կգամ, սոխուկներիս հավեսն ունենաս` սենյակդ կլցնեմ չարուկներով, այնքան կվազվզեն ու կպարեն… Եթե, իհարկե, մեր հավեսն ունենաս: Դու, իհարկե, կարող ես մեզ կանչել թեկուզ մի կուշտ լացելուց և աչքերդ կարմրացնելուց հետո: Ի վերջո, նույնիսկ ես` սոխերի թագուհիս, լացում եմ աչքերս կարմրացնելու չափ:
– Ինչու՞ ես լացում, սոխերի թագուհի: Երբ ես քեզ ասում եմ` թու’, դրա՞ համար ես լացում:
– Ոչ այնքան քո «թու»-ից, ինչքան այն մտքից, որ դու առանց ինձ ճանաչելու քիթդ վեր ես քաշում: Ու հատկապես տխրում եմ, որ այդ «թու»-ի պատճառով դեռ ինչքա՜ն կարևոր ու հետաքրքիր բաներ այդպես էլ չես ճանաչելու…
– Սոխերի թագուհի, այդպես մի’ խոսիր, խնդրում եմ, դու ավելի հետաքրքիր էիր, երբ երգում ու թափահարում էիր փեշերդ և սենյակս լցնում ուրախ սոխուկներով…
Սոխերի թագուհին ժպտաց, իր մազերից պոկեց կանաչ թելուկներից մեկը, մեկնեց Տղատղային ու ասաց.
– Սա վերցրու և պահիր քեզ մոտ: Հենց տխրես կամ հիվանդանաս, թափահարիր այն, մենք կգանք: Իսկ եթե ուզում ես չհիվանդանալ կամ գոնե երբեմն հիվանդանալ, անպայման կեր ապուրները, որոնց մեջ տատիկդ սոխ է դրել: Ու այդ ժամանակ եթե մեզ կանչես, խոստանում եմ` այնպիսի երգեր եմ երգելու, և սոխուկներս այնպիսի պարեր են պարելու, որոնց նմանը երբեք ու ոչ մի տեղ չես տեսել:
Սոխերի թագուհին միանգամից անհետացավ, ասես չէր էլ եկել, չէր էլ խոսել, չէր էլ պարել և ընդհանրապես, ասես ոչինչ չէր եղել:
Տղատղան նույնիսկ մտածում էր` գուցե երա՞զ էր տեսնում: Բայց երբ մոտեցավ գրասեղանին, զարմանքով նկատեց վառ կանաչ մի թելուկ:
Տղատղան որոշեց անմիջապես ստուգել` կգա՞ նորից սոխերի թագուհին և թափահարեց կանաչ թելուկը: Բայց ոչ սոխերի թագուհին կար, ոչ սոխուկները: Տղան ամեն օր սպասում էր նրան, իսկ սոխերի թագուհին չկար ու չկար: Այդ ժամանակ Տղատղան տխրությունից, կարոտից ու հուսահատոթյունից գնաց խոհանոց, պահարանից հանեց մի մեծ գլուխ սոխ և սկսեց ուտել: Տղայի աչքերից արցունքներ էին թափվում, բայց նա այլևս չէր ամաչում իր արցունքներից:
Մարինա Բաղդագյուլյանի ֆեյսբուքյան էջից: