Հոլանդացի և գերմանացի գիտնականների թիմը սինթեզել է մոնոկլոնալ հակամարմին, որը կարող է հաղթել կորոնավիրուսին լաբորատոր պայմաններում։
Գիտնականները նշում են, որ իրենց ստեղծած փորձնական հակամարմինն ուղղված է վիրուսի սպիտակուցային փշերին և թույլ չի տալիս, որ վիրուսը ներթափանցի բջիջ։ Նոր հակամարմինը հաղթել է ոչ միայն SARS-CoV-2 վիրուսին, այլև այդ վիրուսին «ազգակից» SARS-CoV–ին։ Միևնույն ժամանակ, գործողության սկզբունքով այն նման է այն սպիտակուցներին, որոնք արտադրվում են մարդու իմունային բջիջներով։
Փորձի ընթացքում գիտնականները գենետիկորեն մոդիֆիկացված մկների են օգտագործել։ Դրական արդյունք ստանալուց հետո նրանք որոշել են խմբագրել հակամարմինը` մարդու համար հարմար տարբերակը ստեղծելու համար։
Մշակումը դեռ մի շարք փորձարկումներ պետք է անցնի։ Բժշկության մեջ այն դեռ չեն կարող կիրառել։