Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց՝ ամբողջ աշխարհում սկսեցին տարածվել միֆեր դրա առաջացման և տարածման մասին՝ 5G աշտարակներից՝ մինչև այլմոլորակայիններ։ Ամենատարածված երկու վարկածները 5G աշտարակների՝ վիրուս տարածելն ու մարդկանց չիպավորումն են։
Ըստ վարկածի՝ Բիլ Գեյթսն ուզում է չիպավորել և վերահսկողության տակ պահել բոլոր մարդկանց։
Ինչի՞ց սկսվեց այս ամենը և որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը։
Այս տեսության հետևորդները կարծում են, որ երբ, ի վերջո, հայտնագործվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, Բիլ Գեյթսը և նրա գործընկերները հնարավորություն կստանան թվային չիպեր տեղադրել բոլոր մարդկանց մարմիններում՝ դրանով իսկ վերցնելով մարդկանց լիակատար հսկողության տակ:
Դեռևս 2015 թվականին, ելույթ ունենալով TED գիտաժողովում, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը խոսեց վիրուսի մասին՝ որպես մարդկության հիմնական սպառնալիք: Նույնիսկ այդ ժամանակ նա կոչ արեց ակտիվ նախապատրաստվել համաճարակի (ցավալի է, որ նրան չլսեցին):
Այնուամենայնիվ, այս «մարգարեությունն» ավելի շուտ պատահական է թվում, քանի որ մինչ այժմ Գեյթսին չի հաջողվել ոչ մի օգուտ քաղել համաճարակից, ավելին, նա միայն շարունակում է միջոցներ տրամադրել: Այժմ նրա և իր կնոջ՝ Մելինդայի հիմնադրամը ակտիվորեն ֆինանսավորում է հետազոտական կենտրոնը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցում է պատվաստանյութ ստեղծելու համար: Ամուսիններն արդեն 250 միլիոն դոլար են նվիրել համաճարակի դեմ պայքարին:
Փորձելով փոխանցել ապագա համաճարակներին նախապատրաստվելու անհրաժեշտության գաղափարը, որոշ հետազոտողներ նույնիսկ զավեշտալի զուգահեռներ են անցկացրել զոմբիի ապոկալիպսիսի մասին ֆիլմերի հետ: Իսկ Գեյթսը՝ որպես մեծահարուստ և հայտնի անձնավորություն, թվում է, որ ամենահարմար թեկնածուն է «չար հանճարի» դերի համար:
Ըստ Zignal Labs-ի, միայն փետրվարից ապրիլ ամիսներին դավադրության տեսություններին, որոնք ինչ-որ կերպ Բիլ Գեյթսին կապում են կորոնավիրուսի հետ, անդրադարձել են սոցիալական ցանցերում և հեռուստատեսություններում ավելի քան մեկ միլիոն անգամ:
Բոլոր տեսությունները հանգում են «նա նախապես ինչ-որ բան գիտեր» մտքին: Առավել հայտնի տեսություններից մեկն այն է, որ Գեյթսը կորոնավիրուսային պատվաստանյութի հետ միասին փորձում է փոխպատվաստել մարդկանց մեջ միկրոչիպեր: Ամենայն հավանականությամբ, այս վարկածը ծագել է այն բանից հետո, երբ Գեյթսը խոսել է Reddit-ի օգտատերերի հետ, որի ընթացքում նա պատասխանել է COVID-19-ի վերաբերյալ հարցերին:
Այսպիսով, մարտի 18-ին Բիլ Գեյթսը մուտք գործեց Reddit՝ այս սոցիալական ցանցի օգտվողների հարցերին պատասխանելու համար՝ «Հարցրու ինձ որևէ բան« (AMA) ձևաչափով: Նա հաճախ շփվում է այս ձևաչափով, բայց այս անգամ հարցերը վերաբերում էին հրատապ թեմային ՝ կորոնավիրուսին: Գեյթսը բառացիորեն ասաց (ավելի ճիշտ՝ գրեց). «Երկրները դեռ պարզում են, թե ինչ անել հաջորդիվ: Ի վերջո, մենք կունենանք մի տեսակ թվային հավաստագրեր ՝ տեղեկություններ, թե ովքեր են վերականգնվել կամ անցել թեստը, կամ երբ են ստացել պատվասումը»:
Արդեն մարտի 19-ին «Բիլ Գեյթսը մարտ ամսից կօգտագործի իմպլանտիկ միկրոչիպեր՝ կորոնավիրուսների դեմ պայքարելու համար» վերնագրով հոդված հայտնվեց biohackinfo.com կայքում: Հոդվածում ասվում է. «Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը կթողարկի թվային վկայագրերով փոխպատվաստման չիպեր, որոնք կարող են ցույց տալ, թե ով է կորոնավիրուսի թեստ հանձնել և ով է պատվաստվել»: Բացի այդ, հոդվածը կեղծ պնդում է ներկայացնում, որ Գեյթսը խոսում է անտեսանելի դաջվածքների մասին (Quantum դաջվածքներ), որոնք կարելի է «կարդալ» սմարթֆոնի միջոցով:
Գեյթսի հիմնադրամը հետազոտություն է կատարել այս թեմայի վերաբերյալ 2019 թվականին: Այն նվիրված էր պատվաստումների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող դաջվածքների նման գծանշաններին, որը, սակայն, ոչ մի կերպ ի վիճակի չէ հետևել մարդկանց: Նկատի ունեցեք, որ Reddit-ում Գեյթսն ընդհանրապես չէր խոսում միկրոչիպերի մասին:
Սակայն այս ապատեղեկատվությունը շարունակում էր տարածվել մամուլում։
Ամեն ինչ ավելի թեժացավ, երբ ապրիլի 13-ին Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը ռադիոհարցազրույցում ասաց, որ Գեյթսը ստեղծեց՝ ինչպես կորոնավիրուս, այնպես էլ՝ միկրոչիպ պատվաստանյութը՝ աշխարհի բնակչությանը հետևելու համար: Փաստորեն, Քարեթի «թեթև ձեռքով», պատվաստումների միջոցով չիպիզացիայի մասին լուրը տարածվեց ամբողջ աշխարհում՝ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով:
Այն ժամանակ Գեյթսն ասաց, որ ապագայում կլինեն «թվային վկայագրեր», որոնք պարունակում են հիվանդի բժշկական տվյալները: Օրինակ՝ այն մասին, թե արդյո՞ք նա պատվաստանյութ է ստացել: Ավելի ուշ Գեյթսի հիմնադրամը բացատրեց, որ խոսքը գնում է «բաց թվային հարթակ» ստեղծելու մասին, այլ ոչ թե՝ միկրոչիպերի ներդրման:
Ինչպես նշեցինք, չիպերի՝ վերը նշված հատկանիշները հիմնված էին հիմնադրամի կողմից հովանավորվող իրական նախագծի վրա: Մենք խոսում ենք «քվանտային կետերի» մասին, որի վրա աշխատում են Ռայսի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները: Միայն նախագծի հեղինակներից մեկի՝ Քևին Մաքհյուի կարծիքով՝ սրանք մարդու մարմնում տեղադրվող միկրոչիպեր և պարկուճներ չեն: Սրանք պղնձի վրա հիմնված բավականին անտեսանելի դաջվածքներ են, որոնք պատվաստանյութի հետ միասին տեղադրվում են մաշկի տակ և ճանաչվում են սմարթֆոնի միջոցով:
Նման պիտակի միջոցով բժիշկը կարող է հասկանալ՝ արդյո՞ք անձը ստացել է պատվաստանյութը, նույնիսկ աշխարհի այն շրջաններում, որտեղ պատվաստանյութերի գրանցումները չեն կարող հայտնաբերվել: Այս չիպերը չեն պարունակում ոչ մի այլ տեղեկատվություն։
Սիրարփի Աղաբաբյան