Գիտնականների միջազգային խմբին հաջողվել է լաբորատոր պայմաններում հակառակ գենետիկայի մեթոդով վերստեղծել SARS-CoV-2 կորոնավիրուսը: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Cell ամսագիրը:
Գիտնականները բացատրել են, որ որպես նմուշ նրանք վիրուսի շտամ են վերցրել, որն առանձնացվել էր Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով առաջին գրանցված հիվանդի քսուքից: Նրանց հաջողվել է արհեստականորեն հավաքել կորոնավիրուսը, որն իրենից բնական վիրուսի լիարժեք պատճեն է ներկայացնում եւ նույն հատկություններն ունի:
Ըստ գիտնականների՝ ստացված վիրուսը կարող է կարեւոր գործիք դառնալ վարակի դեմ պայքարի համար: Դրա օգնությամբ, օրինակ, հնարավոր կլինի մկնային մոդելներ ստեղծել՝ կորոնավիրուսի դեմ բարձր արդյունավետության դեղամիջոցներ փորձարկելու համար:
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովի խոսքով՝ հակառակ գենետիկայի մեթոդների օգնությամբ հնարավոր է վերականգնել վիրուսը, ինչպես նաեւ պարզել, թե ինչից է այն բաղկացած:
«Գիտությունը զարգանում է, եւ այժմ գենոմային ինժեներներն արդեն սովորել են «հրահանգներ գրել», այսինքն՝ կանխատեսել այս կամ այն փոխարինիչների հատկությունները: Սակայն՝ ոչ այնքան լավ՝ զրոյից SARS-CoV-2 de novo ստեղծելու համար»,- նշել է մասնագետը: