Ինտերֆերոնի կիրառումը կարող է զգալիորեն արագացնել կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների առողջացման գործընթացը: Այս մասին նշված է գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Frontiers in Immunology ամսագրում:
Մասնագետները հետազոտության ժամանակ հունվարի 16-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում չինական Ուհան քաղաքի կլինիկաներից մեկում 77 մեծահասակ պացիենտների բուժման համար կիրառել են ինտերֆերոն-α2b-ը կամ արբիդոլը: Պացիենտներն օրական ստացել են կա՛մ 5 միլիգրամ ինտերֆերոն-α2b, կա՛մ օրական 3 անգամ 200 միլիգրամ արբիդոլ, կա՛մ ինտերֆերոն-α2b-ի և արբիդոլի համակցություն:
Պարզվել է, որ արբիդոլի հետ կամ առանց դրա կիրառվող ինտերֆերոն-α2b-ով բուժումը պացիենտների ապաքինումն արագացրել է գրեթե 7 օրով:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ ինտերֆերոն-α2b-ի կիրառումը զգալիորեն նվազեցրել է վերին շնչուղիներում հայտնաբերված SARS-CoV-2-ի մասնիկների քանակությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ այս միջոցը բոլոր պացիենտների համար ցուցադրել է կայուն արդյունավետություն՝ անկախ սեռից, տարիքից և քրոնիկական հիվանդությունների առկայությունից:
Գիտնականների խոսքով՝ ինտերֆերոնը կիրառվել է նաև ատիպիկ թոքաբորբի բուժման համար: Իսկ 2003 թվականին Տորոնտոյի (Կանադա) կլինիկաներում օգտագործվող դեղամիջոցը արդյունավետ է եղել ՍՇՎ-ով պացիենտների բուժման ժամանակ:
Հարկ է նշել, որ այս հետազոտությունը ունեցել է փորձարարական և չվերահսկվող բնույթ՝ նկատի ունենալով COVID-19-ի բուժման համար արդյունավետ և հանձնարարվող դեղամիջոցի բացակայությունը: Ուստի գիտնականները խորհուրդ են տվել անցկացնել պատահական ընտրանքով անկախ հետազոտություններ, որոնք կապացուցեին կամ կհերքերին ինտերֆերոնի օգուտը: