Զիմբաբվեի Գվերու քաղաքում ապրում էր մի փոքրիկ տղա, անունը` Գուգու: Գուգուի աչքերը խոշոր սև էին, շուրթերը` հաստ, ատամները` ճերմակ, իսկ մարմինը կարծես թաթախված էր կակաոյի փոշու մեջ: Տղան վզից կախել էր գույնզգույն փոքրիկ քարերի շարան, գոտկատեղին կապել էր վառ նարնջագույն մի կտոր, ոտքերին` ռեզինից հողաթափեր և գնում էր երկար ու ձիգ ճանապարհով` քթի տակ երգելով մի երգ, որ մայրիկն ու հայրիկն էին իրենց ընկերների հետ երգում բամբակի դաշտերում աշխատելիս: Տղան գնում էր դեպի իր տուն, որը, պատկերացնու՞մ եք, բաոբաբի մեջ էր: Հսկա բաոբաբները շատ հարմար կացարան են Գուգուի պես տղաների համար, որոնք տուն չունեն, իսկ հայրիկից ու մայրիկից հիշում են միայն բամբակի անվերջանալի դաշտերում երգած այն երգը: Նախ որովհետև այս բաոբաբները երկար են ապրում` 5-10 հազար տարի: Եվ հետո, նրանք մեծ քանակությամբ ջուր են հավաքում իրենց բնի և սաղարթի մեջ ու դրա շնորհիվ չեն այրվում հրդեհների ժամանակ: Գուգուն քաղցած էր, բայց այնքան հոգնած էր, որ բաոբաբ մտնելուն պես անմիջապես քնեց: Եվ հանկարծ հայտնվեց մայրիկը` կարմիր, գեղեցիկ զգեստով, դեմքը պայծառ, աչքերը` քնքուշ:
– Մայրիկ, ես շատ հոգնած եմ ու քաղցած:
– Գիտեմ, բայց մի վախեցիր, մի տխրիր, իմ փոքրիկ տղա: Վաղը կգնաս փղերի անտառ, այնտեղ կակաոի ծառ կա, կակաո կհավաքես ու կտանես կհանձնես ֆերմեր Սիլային: Նա քեզ կվճարի: Այդ փողով կգնես ինչ սիրտդ կուզի,- ասաց մայրիկն ու ժպտաց:
– Բայց ո՞նց գնամ այդ հեռու անտառը, ինչի՞ մեջ լցնեմ կակաոի հատիկները, ինչո՞վ պոկեմ այդ պտուղները:
– Մի վախեցիր, Գուգու, ամեն օրվա համար ասում եմ քեզ` մի’ վախեցիր: Իմ քաջ տղա: Գնա փղերի անտառ, ճանապարհին ամեն ինչ պարզ կլինի, կհասկանաս ինչ անել,- ասաց հայրիկը, որ այնքան թիկնեղ էր և ուժեղ, այնպես հանգիստ էր խոսում Գուգուի հետ:
Գուգուն վեր թռավ տեղից: Դուրս եկավ բաոբաբից, լույսը նոր-նոր բացվում էր: Աչքերը տրորեց, շոշափեց վզից կախված գույնզգույն քարերի շղթան, թափ տվեց գոտկատեղից կապած նարնջագույն կտորը և ճանապարհ ընկավ դեպի փղերի անտառ: Գուգուն քայլում էր, քայլում էր` մայրիկի ժպիտն աչքերում ու հայրիկի խոսքերն ականջներում` «Գուգու, մի վախեցիր»: «Լավ, դե որ այդպես է, չեմ վախենա»,- մտածեց Գուգուն: Հեռվից բարձր ձայներ լսեց: «Փղեր են»,- մտածեց տղան և գնաց ձայների ուղղությամբ: Մեկ էլ ի՞նչ տեսնի` մի խումբ փղեր հավաքվել են մի փոսի շուրջը և բարձր կանչում են, կարծես օգնություն են խնդրում: Գուգուն մոտեցավ փղերին, կռացավ նայեց փոսի մեջ: Այնտեղ մի փոքրիկ փղուկ կար, որ նույնպես բարձր օգնություն էր կանչում: Մայր փիղն ու մյուս փղուհիները կնճիթներն իջեցնում էին, փորձում փաթաթել ձագուկի կնճիթին, որ վեր ձգեն, բայց քանի որ փոսը շատ խորն էր, մեծ փղերի և ձագուկի կնճիթները չէին հասնում իրար: Գուգուն շուրջը նայեց` միայն ծառեր են ու թփեր: Նա շատ էր ուզում օգնել փղերին, իսկ փոքրիկ փղուկին այնպես էր խղճում, խեղճը վախից կնճիթը բերանն էր տարել, ինչպես ինքն էր փոքր ժամանակ վախից ու անհանգստությունից բութ մատը տանում բերանը: Պարզ է` ինչ-որ բան էր պետք փղիկին դուրս քաշելու համար, բայց ի՞նչ, ի՞նչ… Գուգուն շուրջն էր նայում ու արագ մտածում…
– Հասկացա՜, հասկացա՜…,- այնպես ճչաց Գուգուն, որ մոտակա բանանի ծառից կապիկները ձեռքներից գցեցին բանաններն ու պոչերով գլխիվայր կախվեցին ճյուղերից:
Գուգուն մոտեցավ բանանի ծառին ու սկսեց քաշքշել ճյուղերը: Փղերը, իհարկե, հասկացան, որ պիտի օգնեն տղային, կնճիթները փաթաթեցին ճյուղերին ու քաշեցին պոկեցին: Շատ արագ բավականին բանանի ծառի ճյուղեր հավաքվեց: Գուգուն նստեց ու սկսեց այդ ճյուղերից պարան հյուսել` որքան հնարավոր է ամուր ու պինդ մի երկար պարան: Վերցրեց պարանն ու ցատկեց փոսի մեջ: Քիչ էր մնում փղիկի գլխին ընկներ, բայց դա այնքան էլ կարևոր չէր, և երկուսն էլ` տղան ու փղիկը, հասկանում էին դա: Տղան սկզբում պարանը փորձեց կապել փղիկի կնճիթին, հետո` վզին, բայց վախեցավ, թե դուրս քաշելիս կվնասեն ձագին: Այդ ժամանակ Գուգուն պարանը կապեց փղուկի փորի շուրջը, բռնեց պարանի ծայրը, բարձրացավ փղիկի մեջքին, մայր փիղը կնճիթը իջեցրեց փոսի մեջ, փաթաթեց տղայի մեկնած ձեռքին ու նրան դուրս քաշեց: Գուգուն փղին մեկնեց պարանի ծայրը, որը մայր փիղը վերցրեց կնճիթով ու սկսեց քաշել: Բայց փղիկը ծանր էր, դժվար էր բարձրանում: Այդ ժամանակ օգնության հասավ փղուհիներից մեկը, կնճիթով բռնեց պարանի ծայրից, և երկուսով դուրս քաշեցին փոքրիկ փղիկին: Փոքրիկ փղիկն ու մայրիկը փաթաթվել էին կնճիթներով, մյուս փղեերը շրջապատել էին նրանց, բոլորը անչափ ուրախ էին, անգամ` ծառերին նստած կապիկներն ուրախությունից ձեռքներից գցեցին բանաններն ու սկսեցին ծափահարել: Գուգուն մտածում էր հեռանալ, բայց փղերը շրջապատեցին նրան, կնճիթներով շոյեցին տղայի գլուխը: Փղերից մեկը նստեց գետնին` իր մեջքն առաջարկելով Գուգուին: Տղան նստեց փղի մեջքին և նրանց հետ ճանապարհ ընկավ: Փղերը տղային հասցրին մի մեծ քարի մոտ, կնճիթով շրջեցին քարը: Տղան զարմացած էր, երբ շրջած տեղում տեսավ մի փայլփլուն ու գեղեցիկ դանակ: Որտեղի՞ց գիտեին փղերը, որ իրեն հենց այդպիսի դանակ էր պետք կակաոի պտուղները հավաքելու համար: Վերցրեց դանակը, խոնարհվեց փղերին` ի նշան շնորհակալության, իսկ փղերն էլ մի այնպիսի հզոր ձայնով հրաժեշտ տվեցին տղային, որ ծառերին նստած բոլոր թռչունները, ծառերի ճյուղերը խշխշացնելով, թևերն ուժեղ թափահարելով, թռան երկինք: Եվ հենց այդ ժամանակ ծառերից մեկի ճյուղից մի պարկ ընկավ տղայի ոտքերի առաջ: Հավանաբար, ինչ-որ մեկը պարկը թողել էր ծառի ճյուղին: Տղան նայեց երկինք, շնորհակալություն հայտնեց թռչուններին և վազելով գնաց դեպի կակաոի ծառը, որն արդեն մոտակայքում էր: Դանակի սուր ծայրով կտրում էր կակաոի պտուղներն ու լցնում պարկի մեջ` բարձր երգելով այն երգը, որ հիշում էր հայրիկից ու մայրիկից: Գուգուի սիրտն այնքան ուրախ էր, որ չնկատեց, թե ինչպես պարկը լցվեց կակաոի պտուղներով: Պարկը գցեց ուսին ու ճանապարհ ընկավ ֆերմեր Սիլայի մոտ: Սիլան կշռեց կակաոն և ասաց.
– Ապրե’ս, Գուգու, ահագին շոկոլադ ես հավաքել, ապրե’ս,- ու վճարեց Գուգուին իր աշխատանքի համար:
Գուգուն վազեց դեպի այն խանութը, որտեղ վաճառում են աշխարհի ամենահամեղ բուլկիներն ու կարկանդակները: Գնեց կարտոֆիլով, լոբիով, կաղամբով ու մսով կարդանդակներ, մեծ ու սև չամիչներով բուլկիներ և վազեց տուն: Մեջքը հենեց բաոբաբին, բացեց տոպրակն ու սկսեց ախորժակով ուտել: Իսկ դանակն ու պարկը, իհարկե, կողքին էին: Դրանք շատ կարևոր էին Գուգուի համար: