Մենք գործ ունենք ամբողջ պատմության մեջ ամենամեծածավալ համաշխարհային ճգնաժամի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Առաջավոր տեխնոլոգիաների ընկերությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ ճգնաժամը սկսվել է դեռեւս անցյալ տարեվերջից, իսկ ներկայիս կորոնավիրուսի համավարակը միայն քողարկել է այն:
Նա տեղեկացրեց, որ ընկերությունների 58 տոկոսը ներկայումս դժվարին վիճակում է, իսկ դա նշանակում է, որ նրանց մի մասը փակվելու է: Դրա հետ մեկտեղ, որոշ ընկերություններ, հակառակը, նոր թափ են հավաքում, նրանց մոտ նույնիսկ կադրերի պակաս է զգացվում, ինչը կնպաստի աշխատանքի տեղավորվել ոլորտի այն ընկերությունների կադրերին, որոնք ստեղծված իրավիճակի լույսի ներքո փակվելու են: Վարդանյանն, այնուամենայնիվ, վստահ է, որ հաջողակ ընկերություններին կհաջողվի իրենց հետեւից տանել ամբողջ ոլորտը, եւ այս տարի անկում է գրանցվելու, իսկ ոլորտի վերականգնման համար կպահանջվի 2-3 տարի: Նրա խոսքով՝ ճգնաժամի հաղթահարումից հետո աշխարհը կգնա ազգայնացման ճանապարհով, գործող իշխող ռեժիմները «կուղարկվեն աղբաման»:
Սա Հայաստանի ՏՏ ոլորտի համար որոշակի խնդիրներ կստեղծի, քանի որ նախկինում գոյություն ունեցած ոլորտի զարգացման ուղիները կա՛մ չեն գործի, կա՛մ միայն մասնակի կգործեն, կդժվարանան արտահանման հնարավորությունները: «Մենք ստիպված կլինենք ստեղծել նոր ուղիներ, զարգացման համար նոր հնարավորություններ»,- հայտարարեց Վարդանյանը: