ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն առաջարկել է միավորել հայ մասնագետների կարողությունները, ստեղծել գիտահետազոտական ենթակառուցվածք՝ համավարակային իրավիճակների հետ կապված հետազոտություններ անելու համար, որոնք հետագայում կարող են թույլ տալ նաև աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը՝ անդրադառնալով հարցին, թե թեստերի արտադրությունից բացի, արդյոք աշխատո՞ւմ են կորոնավիրուսի դեմ դեղերի, պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ:
«Մենք այդ ուղղությամբ չենք աշխատում, քանի որ դրանք ավելի ժամանակատար և գիտական ենթակառուցվածք պահանջող ուղղություններ են: Եվ այս պահին, ցավոք, Հայաստանում այս հնարավորությունները չունենք: Սակայն մենք ներկայացրել ենք ծրագիր՝ համավարակային իրավիճակների համար ստեղծելու գիտահետազոտական ենթակառուցվածք, որը թույլ կտա նաև զբաղվել այդ ուղղություններով: Այդ առաջարկն այս պահին քննարկվում է»,-ասաց Առաքելյանը:
Տնօրենի կարծիքով՝ առկա ինստիտուտների, համալսարանների, Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կառույցների կարողությունները միավորելով կարելի է ստեղծել ցանց, այդ ցանցում զարգացնել ենթակառուցվածքները, որոնք պետք կլինեն նմանատիպ հետազոտությունների համար: Այսպիսով առաջարկվում է ստեղծել ընդհանուր օգտագործման կենտրոն, որ հնարավոր լինի իրականացնել հետազոտություններ, որոնք հետագայում նաև թույլ կտան աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ:
Ատաքելյանի գնահատմամբ՝ իրենց ինստիտիտուտը ունի բավարար մասնագիտական ներուժ դրա համար: «Կեսից ավելին երիտասարդ գիտնականներ են, որոնք վերապատրաստվել են արտասահմանյան հայտնի կենտրոններում, ունեն բազմաթիվ գիտական հրապարակումներ: Եվ խնդիրը ոչ թե մարդկային ներուժն է, այլ նյութատեխնիկական ենթակառուցվածքի առկայությունը»,-ասաց նա:
Առաջարկը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Գիտության կոմիտեին:
Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը արդեն սկսել է տեղական արտադրության թեստերի նախատիպերի փորձարկումները: Մոտ երկու շաբաթից կորոնավիրուսը կախտորոշվի հայկական արտադրության թեստերով:
Աննա Գրիգորյան