Ախտանշաններ չունեցող վարակակիրներից աերոզոլային տարբերակով վարակվելու հավանականությունը մեծ է. Յակուտենկո
Advertisement 1000 x 90

Ախտանշաններ չունեցող վարակակիրներից աերոզոլային տարբերակով վարակվելու հավանականությունը մեծ է. Յակուտենկո

Գրող, լրագրող, գիտական խմբագիր, մոլեկուլային կենսաբան Իրինա Յակուտենկոն անդրադարձել է կորոնավիրուսի տարածման օդակաթիլային՝ աերոզոլ տարբերակին՝ եզրակացնելով, որ դիմակ կրելն այս պարագայում ամենաարդյունավետ միջոցը կարող է լինել: Մեր ընթերցողի համար թարգմանել ենք նրա գրառումը:

Ստիվեն Սոդեբերգի «Վարակում» հրաշալի ֆիլմը ներկայիս համաճարակի մասին բազմաթիվ դրվագներ է կանխատեսել: Այն թողարկվել է 2011թ., բայց դրա դիտումից հետո բարդ իրավիճակում հայտնվեցի. պարզվում է՝ վիրուսները և այլ պաթոգեններ ամենուր են: Ահա հիվանդը՝ հերոսուհին, ով դեռ չգիտի դրա մասին, հազում է՝ ձեռքի ափով փակելով բերանը, ապա այդ նույն ձեռքով բաժակ է վերցնում: Այն վերցնում է մատուցողը և վերջ. նա նույնպես վարակված է:

Մի քանի օր անց այդ նույն մատուցողը հազում ու փռշտում է, բայց մետրոյով գնում է աշխատանքի: Բռնակները տասնյակ ուղևորների համար դառնում են վտանգի աղբյուր: Վերելակի կոճակները, ապրանքները սուպերմարկետում, սուրճի բաժակները, ծանրոցները, նամակները. թվում է՝ հնարավոր չէ գեթ մեկ քայլ անել՝ առանց տարբեր վարակներ ու բակտերիաներ ձեռք բերելու: Դա՝ դեռ առանց մարդկանց հետ հանդիպելու: Հավանաբար շատերը տեղյակ են, թե ինչքան շատ միկրոկաթիլներ են դուրս թռչում բերանից հազի ու փռշտոցի հետ, խոսելիս կամ պարզապես շնչելիս:

Իրականում պարզվել է, որ կորոնավիրուսով վարակվելը ֆոմիտների օգնությամբ բավականին բարդ է, իսկ խոշոր կաթիլների միջոցով՝ ոչ այնքան: Հենց այս եղանակով է հնարավոր վարակվել առանց նախանշանների վարակակիրներից: Ներկայումս համարվում է, որ վարակի տարածման 40% դեպքերը տեղի են ունենում հենց նրանց միջոցով:

Աերոզոլներ. Այս տերմինով են գիտնականներն անվանում այն կաթիլները, որոնք 5 մկմ-ից փոքր են: Աշխատությունների մեծ մասը ցույց է տալիս, որ աերոզոլները կարող են ձևավորվել ոչ միայն խոսելիս, այլև՝ շնչելիս: Ի տարբերություն խոշոր կաթիլների՝ նրանք չեն ընկնում գետնին, այլ՝ գոլորշիանում են. այսպիսի առկախ կաթիլները կարող են պահպանվել ժամերով, իսկ SARS-CoV-2-ի հետքերն աերոզոլներում արձանագրվել են մինչև 3 ժամ: Օդում կախված կաթիլները պետք է որ վտանգավոր լինեն, եթե խոսքը շինության մասին է, որտեղ երկար ժամանակ շատ մարդիկ են գտնվում: Հավանական է, որ հենց այդ կերպ են վարակվել ամերիկյան Վաշինգտոն նահանգի Մաունտ-Վերնոն քաղաքի եկեղեցական երգչախմբի 61 անդամներից 53-ը՝ մեկ երեկոյի ընթացքում: Նրանցից երկուսը մահացել են:

Առանց ախտանշանների վարակակիրից կորոնավիրուսով վարակվելու երկրորդ տարբերակը նրա հետ շփումն է: Խոսակցության ընթացքում բերանից հազարավոր կաթիլներ են դուրս թռչում: Որքան ձայնը բարձր է, այնքան նրանք շատ են: Այդ կերպ մեծ թվով մարդիկ վարակվել են Գերմանիայի Հայնսբերգ քաղաքում՝ տոնակատարության ժամանակ:

Մեծ ու ծանր կաթիլներն ընկնում են գետնին, թեթև փոքրերը՝ մնում են օդում: Չինացի կենսաբանների գնահատմամբ՝ 100 մկմ տրամագծով կաթիլներին 3 մ բարձրությունից գետնին ընկնելու համար 10 վայրկյան է պահանջվում, 20 մկմ-անոցների համար՝ 4 րոպե, 10 մկմ՝ 10 րոպե, իսկ նրանք, որոնք 1-3 մկմ-ն չեն գերազանցում, ավելի երկար են մնում: Ընդ որում՝ անկման ճանապարհին մեծերը գոլորշիանում փոքրանում են՝ վերածվելով աերոզոլների:

Այսպես, աերոզոլային եղանակի գերակշռությունն անսպասելի էր գիտնականների ու առողջապահության ոլորտի պաշտոնյաների համար: Այդ փաստը նշանակում է, որ դիմակը պաշտպանության առավել գործուն միջոց է, քան ձեռքերի լվացումը: Սա հակասում է համավարակի սկզբում արված հայտարարություններին: Կարևոր է նաև սոցիալական հեռավորությունը: Եվ եթե նոր հուսալի տվյալներ են հայտնվում, ապա հին կոնցեպցիաները վերանայելու անհրաժեշտություն է առաջանում: Եվ դա գիտության թուլությունը չէ. ընդհակառակը:

shesht.am