Սահմանվել են կորոնավիրուսի թույլ կողմերը
Advertisement 1000 x 90

Սահմանվել են կորոնավիրուսի թույլ կողմերը

Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի գիտնականները սահմանել են կորոնավիրուսի թույլ կողմերը: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Annals of the Rheumatic Diseases ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել են դերմատոմիոզիտով (մաշկամկանաբորբ) տառապող 20 պացիենտներ: Մասնագետները վերլուծել են՝ որ հակամարմիններն են եզակի կամ հանդիպում են մեծ քանակությամբ հենց նրանց մոտ, ում մոտ դերմատոմիոզիտ է ախտորոշվել:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել հակամարմաինների վրա, որոնք թիրախավորում են կորոնավիրուսների ընտանիքին պատկանող վիրուսները: Պարզվել է, որ դերմատոմիոզիտով տառապող պացիենտների մոտ մեծ քանակությամբ հակամարմիններ են հանդիպում, որոնք թիրախավորում են 10 էպիտոպներ չղջիկների 3 տեսակի կորոնավիրուսների մոտ: Մասնագետները համեմատել են էպիտոպներում ամինաթթուների հաջորդականությունը SARS-CoV-2-ի մոտ հաջորդականության հետ եւ հայտնաբերել 3 նման էպիտոպներ:

Այդ էպիտոպները կարող են թիրախ հանդիսանալ SARS-CoV-2-ի դեմ արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու համար: Բացի այդ, գիտնականները ենթադրել են, որ կորոնավիրուսներով վարակումը կարող է աուտոիմուն հիվանդությունների զարգացում սադրել:

med.news.am