Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ:
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այժմ աշխատում են տարբեր ֆիլտրների վրա բազալտի նանոթելիկներ, նանոմասնկիներ օգտագործելով:
«Այն էկոլոգիապես մաքուր է, այնպիսի նյութեր են ներառված, որոնցով փոքրիկների համար խաղալիքներ են պատրաստվում: Այն պիտանի է բազմակի օգտագործման համար: Այսինքն՝ կարելի է ախտահանել և կրկին օգտագործել: Հայկական շուկայում նման դիմակներ դեռ չկան: Ոգևորելով երիտասարդ ինժեներին՝ ես առաջարկեցի, որ տարբեր երանգներով սարքի այդ դիմակները»,-ասաց Անի Ապրահամյանը:
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում նպատակ ունեն դիմակները հնարավորինս շուտ հանել շուկա, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ձեռք բերել էկոլոգիապես մաքուր դիմակները:
«Մենք շատ նոր ուղղություններ կարող ենք մեջտեղ բերել, սակայն երիտասարդ մասնագետների կարիք ունենք: Այսօրվա պատերազմը, մրցակցությունը նաև լաբորատորիաներում է, համակարգիչների առջև է: Այնպես որ, հորդորում եմ երիտասարդ մասնագետներին՝ գալ և գիտությամբ զբաղվել»,-ասաց Անի Ապրահամյանը: