«Բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 125-ամյակի առթիվ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը վերահրատարակել է Դաշտենցի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված իր մենագրությունը` «Կորուսյալ երկրի բանասացը»: Առաջին անգամ լույս է տեսել 20 տարի առաջ եւ մինչ օրս Խ.Դաշտենցին նվիրված միակ ամփոփ ուսումնասիրությունն է: Ի դեպ, առաջին հրատարակությունն ուներ «Սասուն աշխարհի բանասացը» վերնագիրը:
Պահպանվել է Դաշտենցի մի զեկուցումը, որ կարդացել է 1964 թ.՝ Շեքսպիրի ծննդյան 400-ամյակի առթիվ Մոսկվայում անցկացված միջազգային գիտաժողովում: Կ. Վարդանյանը մի շատ խոսուն հատված մեջբերեց այդ զեկուցումից. «Եթե ինձ հարցնեն, թե Շեքսպիր թարգմանելիս ես ամենից շատ ինչի մասին եմ մտածում, ես անկեղծորեն կասեմ՝ իմ ծննդավայրի մասին, Սասունի եւ Հայկական Տավրոսի մասին, այն երկրի մասին, որտեղ ապրել են իմ պապերը, մեր ամբողջ ժողովուրդը Բաթմանա ջրից մինչեւ Անիի ավերակները…»: «Մի՞թե ապշելու չէ. Սովետների մայրաքաղաքում, տարբեր երկրներ ներկայացնող շեքսպիրագետների ներկայությամբ Դաշտենցը հնչեցրել է Հայ Դատը եւ այն էլ՝ 1964 թվականին»,- նկատեց գրականագետը` նշելով, որ հիշարժան մանրամասներով հագեցած են գրքի բոլոր վեց գլուխները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։