Ինչպիսի՞ դերակատարում ունեն մակերևույթները կորոնավիրուսի տարածման գործում
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ դերակատարում ունեն մակերևույթները կորոնավիրուսի տարածման գործում

Վիրուսների ԴՆԹ-ները 10 ժամվա ընթացքում հայտնաբերվում են հիվանդանոցային մահճակալների կեսի վրա և այս մակերևույթների վրա պահպանվում են նվազագույնը 5 օր: Այս մասին նշված է UCL-ից և Great Ormond Street Hospital-ից (GOSH) մասնագետների նոր հետազոտության մեջ: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Hospital Infection-ում, փոխանցում է news-medical.net-ը:

Հետազոտության նպատակն էր անվտանգ պայմաններում ուսումնասիրել հիվանդանոցներում մակերևույթների միջոցով SARS-CoV-2-ի տարածումը: Այս նպատակով գիտնականներն օգտագործել են ոչ թե կորոնավիրուսը, այլ վիրուսի ԴՆԹ-ի արհեստականորեն բազմացված ֆրագմենտը, որը մարդկանց համար անվտանգ է, բայց վարակում է բույսերը:

Պարզվել է, որ անվավոր սեղանիկի վրա վիրուսի նմուշների նախնական տեղադրումից 10 ժամ հետո գենետիկ նյութը հայտնաբերվել է հիվանդանոցային հաստատության մակերևույթների 41 տոկոսի վրա՝ սկսած սպասասրահում մյուս անվավոր սեղանիկներից, դռան բռնակներից և պատուհանագոգերից, ավարտած խաղային գոտում մանկական խաղալիքներով և գրքերով: Երեք օր հետո վարակված մակերևույթների քանակը աճել է մինչև 59 տոկոս և միայն 5 օր հետո է նվազել մինչև 41 տոկոս:

Այս հետազոտությունը ցույց է տալիս այն կարևոր դերակատարումը, որ մակերևույթներն ունեն վիրուսների փոխանցման համար: Գիտնականները հերթական անգամ շեշտում են, թե որքան կարևոր է COVID-19 համավարակի պայմաններում բոլոր մակերևույթների ախտահանումը և ձեռքերը մանրակրկիտ լվանալը, քանի որ վիրուսն ամեն դեպքում կարող է փոխանցվել նաև մակերևույթների միջոցով:

med.news.am