Մի արեւելյան պոետ
Հարյուր աշուն դիտեցի
քո աղոտ սկավառակը:
Հարյուր աշուն դիտեցի
քո կամարը կղզիների վրա:
Հարյուր աշնան ընթացքին
շրթունքներս քիչ չեն լռել:
Անապատը
Տարածությունն առանց ժամանակի:
Լուսինն ավազի գույնին է:
Հիմա, հենց հիմա
մահանում են այրերը՝ Մեթաուրոյի եւ Թաննբերգի:
Անձրեւում է
Ո՞ր երեկվա մեջ, ո՞ր բակերում Քարթագենի,
նույնպես անձրեւում է:
Աստերիոն
Տարին ինձ վարձահատույց է լինում «արոտավայրերով» մարդկային,
իսկ ջրամբարի մեջ ջուր կա:
Իմ մեջ հանգուցվում են քարե ուղիները:
Ինչի՞ց կարող եմ բողոքել:
Արեւամուտին
քիչ ծանրանում է ցուլի գլուխս:
Մի «փոքր» պոետ
Նպատակը մոռացումն է:
Ես վաղ եմ ժամանել:
Ծննդոց, IV, 8
Առաջին անապատում էր:
Երկու ձեռք նետեցին մեծ քարը:
Գոռոց չեղավ: Եղավ արյուն:
Մահ եղավ առաջին անգամ:
Չեմ հիշում արդեն՝ Աբելն էի, թե Կայենը:
Nortumbria, 900 A. D.
Թո´ղ գայլերը դուրս գան լուսաբացից առաջ.
Սուրը ամենակարճ ճանապարհն է:
Միգել Սերվանտես
Դաժան աստղեր եւ բարեհաճ աստղեր,
նրանք նախագահեցին իմ ծննդյան գիշերը.
Վերջիններին պարտք եմ բանտը,
ուր երազեցի Կիխոտի մասին:
Արեւմուտք
Վերջին նրբանցքը՝ իր արեւամուտով:
Տափաստանի երդմնակալությունը:
Մահվան երդմնակալությունը:
Ռետիրո կայարանը
Ժամանակը շախմատ է խաղում բակում
առանց խաղաքարերի: Ճյուղի ճռռոցը
ճեղքում է գիշերը: Դաշտից դուրս
փոշու եւ երազի ցրված լիգաներ են:
Երկուսս էլ ստվեր ենք, պատճենում ենք այն, ինչ թելադրում են
այլ ստվերները՝ Հերակլիտը եւ Գաուտաման:
Բանտարկյալը
Խարտոց.
Առաջինը՝ երկաթյա ծանր դռներից:
Մի օր ազատ կլինեմ:
Մակբեթ
Մեր գործողությունները շարունակում են իրենց ճանապարհը,
որ վերջ չունի:
Սպանեցի իմ արքային, որպեսզի Շեքսպիրը
Հյուսի իր ողբերգությունը:
Հավերժություններ
Օձը, որ ծովն է եզրագծում եւ ծովն է,
Յասոնի թին, Սիգուրդի երիտասարդ սուրը:
Ժամանակի մեջ մնում են միայն այն բաները, որ ժամանակից դուրս էին:
E. A. P.
Երազներ, որ տեսա, ջրհորը եւ ճոճանակը:
Մարդն ամբոխից. Լույս…
Բայց նաեւ այն մյուսը…
Լրտեսը
Մարտերի հանրային լույսի ներքո
ուրիշներն իրենց կյանքն են տալիս հայրենիքին
եւ մարմարն է հիշում նրանց:
Ես կուրորեն թափառեցի քաղաքներում, որ ատում եմ:
Ես տվեցի նրան այլ բաներ:
Ես հրաժարվեցի իմ պատվից,
դավաճանեցի նրանց, ովքեր ինձ իրենց ընկերն էին համարում,
գնեցի խիղճը,
վիրավորեցի հայրենիքի անունից,
Ես ընդունեցի անպատվությունը:
Թարգմանությունն իսպաներենից` Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
hraparak.am