Մեր բակի շունը Չալոն է՝ չալպուտուրիկ շուն է, չգիտեմ՝ ինչ ցեղատեսակի, ես դրանից բան չեմ հասկանում։ Միայն գիտեմ, որ Չալոն բակի բնակիչներին շատ լավ է ճանաչում ու հաչում է, երբ օտար մեկին է տեսնում։ Նա բակում իր բունն ունի՝ բոլոր հարդարանքներով։
Օրերից մի օր մի շիկավուն շուն էլ ավելացավ մեր բակում։ Ոչնչով աչքի չընկնող, սովորական (դե ասացի՝ բան չեմ հասկանում շների ցեղատեսակներից) փողոցային շուն։ Դրանից առաջ էլ էին ինչ-որ շներ փորձել հաստատվել մեր բակում, բայց Չալոն ոնց որ թե «տղամարդկանց» հարցում խստապահանջ էր (ի դեպ, որ Չալոն էգ է՝ չգիտեմ որտեղից եմ որոշել)։ Մի խոսքով, էս շեկլիկին ընդունեց, ու արդեն իրար հետ էին վազվզում բակում։
Մի քանի օր առաջ կոմպի մոտ նստելուց հոգնելով՝ մոտեցա խոհանոցի պատուհանին ու սկսեցի նայել դրսում խաղացող երեխաներին։ Մեկ էլ տեսնեմ՝ էս Շեկլիկը կանգնել է մեր պատշգամբի տակ, բերանում էլ, ինչքան հինգերորդ հարկից է հնարավոր տեսնել, ոնց որ թե պիցցայի եռանկյունի մի կտոր է պահել (չքաղաքականացնել պիցցայի պահը)։ Կանգնել է ու հայացքով ոնց որ թե մեկին փնտրի։ Հետո վազեց դեպի դիմացի շենքի թփերը։ Ես սկսեցի հետևել․ մտածում էի՝ ինչի՞ չի ուտում էդ պիցցան։ Մեկ էլ տեսնեմ՝ էդ թփերի տակից Չալոն դուրս եկավ, ու Շեկլիկը էդ պիցցան տվեց նրան։ Լուրջ եմ ասում։
Ընկերասիրության, գթասրտության, պարզապես սիրո այ էսպիսի հուզիչ տեսարան։ Տո՛ ես նույնիսկ կասեի՝ մարդկայնության։
Սեդա Մեսրոպյանի էջից: