Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանի ժողովրդագրական ներկա վիճակի մասին և վերլուծել, թե կառավարության գործողությունները որքանով են նպաստելու երկրում իրավիճակի բարելավմանը։
Փորձագետը փաստում է, որ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ծնունդների թիվը նվազել է։
«Այս տարի ամուսնական ակտիվ տարիք է մուտք գործում 1993 թվականից հետո ծնված սերունդը, և կառավարության նոր ծրագրերը միտված են ծնելիության խթանմանը, սակայն դրանք բավարար չեն, քանի որ վիճակը գնալով ավելի է բարդանում»,-նկատում է փորձագետը։
Ըստ Մարկոսյանի՝ երեխաների ծնելիության հաճախակիության բարձրացման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն պահել ներկա մակարդակը, այլև՝ գրանցել որոշակի աճ, ինչն էլ իր հերթին թույլ կտա չմտնել դեպոպուլացիոն փուլ, որը սպառնում է Հայաստանին։
«Պատահական չէ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերն ուղղված են նաև գյուղաբնակ ընտանիքներին, քանի որ վերջին տարիներին ծնելիությունը հատկապես անկում է ապրել գյուղական շրջաններում՝ կապված թե՛ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների, թե՛ ներքին միգրացիայի հետ»,-նշում է Արտակ Մարկոսյանը։
Փորձագետի խոսքով` խնդրահարույց է ներքին միգրացիան, քանի որ գյուղերից քաղաքներում վերաբնակվելով մարդկանց մոտ փոխվում է վերարտադրողականության վարքագիծը, և նրանք չեն ձգտում շատ երեխաներ ունենալ։
Այդուհանդերձ, փորձագետը շարունակում է պնդել, որ կանոնակարգված քաղաքականության դեպքում 2050 թվականին 5 միլիոն բնակչության ունենալու հնարավորությունը դեռ կա։
«Պարզապես պետք է լինի ներգաղթ, ինչին պետք է Հայաստանը պատրաստ լինի»,-ասում է Արտակ Մարկոսյանը։
Հիշեցնենք` հուլիսի 1-ից բարձրանալու է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների նպաստը՝ 18 հազարից դառնալով 26 հազար 500 դրամ: Ընդ որում՝ գյուղերում նպաստը տրամադրվելու է անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, բայց եթե ծնողն աշխատող է, ապա նպաստի չափը կրկնակի կլինի: Կառավարությունն անգամ հաշվել է, որ այս ծրագրի շնորհիվ գյուղական բնակավայրերում ամեն ամիս կծնվի շուրջ 1200 երեխա: Առաջին և երկրորդ երեխաների ծնվելու դեպքում տրվող միանվագ նպաստը հուլիսի 1-ից դարձել է 300․000 դրամ։ Իսկ հուլիսի 1-ից հետո բնակարան գնող ընտանիքներին պետությունն աջակցություն կտրամադրի` մարելով բնակարանի մայր գումարի որոշ մասը: Ամեն հաջորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո աջակցության չափն էլ ավելի կմեծանա: