Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ լինում են դեպքեր, երբ մարդիկ գաղտնի են պահում կորոնավիրուսով վարակված լինելը, զբաղվում են ինքնաբուժությամբ, երբեմն էլ, չգիտես ինչու, ամաչում են, որ շրջապատն իմանա։
«Մի մասսա կա, որ, չգիտես ինչու, ամաչում է, որ հիվանդացել է, նույնիսկ զանգ եմ ունեցել, երբ ցանկություն են հայտնել համակարգչային տոմոգրաֆիա անցնելու, երբ հարցրել եմ՝ հո Covid-ով հիվա՞նդ չէ, սկզբում ասել են՝ չէ, չէ, իսկ հետո ասել են՝ հա, մի անգամ ջերմություն ունեցել է։
Ասել եմ՝ գրանցվեք ձեր առաջնային օղակում, իրենք անհրաժեշտության դեպքում ուղեգիր կտան, կգաք մեր հիվանդանոց անվճար ստուգման, ասել են՝ չէ, մենք վճարովի կանցնենք։ Այսինքն` այդ մասսան ամաչում է, ուզում է թաքցրած լինի, բայց սա շատ վտանգավոր է, իրենց շարժը հսկողության տակ չէ ու հնարավոր է վարակեն հարևաններին, շրջապատին։ Հետազոտումից հետո, եթե թեստավորվեն ու հսկողության տակ լինեն, դա ավելի ճիշտ է։
Արագ թեստերը հարյուր տոկոսանոց չեն ու ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ ու ասել, որ այսօր պետությունն ունի հնարավորություն թե՛ առաջնային օղակում, և թե՛ ստացիոնար բաժանմունքներում՝ անկախ հիվանդների քանակից, իրականացնել բարձր որակի՝ ՊՇՌ թեստավորում։ Իսկ մյուս թեստերը, որոնք թեև լավ են, որ հիվանդանալուց հետո ճշգրտում ես՝ կա օրգանիզմումդ հակամարմին, թե ՞ չկա, լավ է նաև այն առումով, որ եթե պիտի արտերկիր գնաս, կարող ես օգտագործել կարճաժամկետ` որ հիվանդ չես, բայց դրանք կարիք ունեն ՊՇՌ մեթոդով հստակեցվելու»։
Ամբողջությամբ՝ aravot.am