Լիզա Ճաղարյան. Կորոնաարձակուրդս ավարտվեց, Ամո՛ս
Advertisement 1000 x 90

Լիզա Ճաղարյան. Կորոնաարձակուրդս ավարտվեց, Ամո՛ս

Եթե համակարգչից մինչև պատշգամբի քո ընթերցապուճախը 15 քայլ է, իսկ այդ նույն պուճախից մինչև լոգարան՝ 21 քայլ, լոգարանից մինչև խոհանոց էլ՝ 17, և դու օրվա ընթացքում քո այս տարածքում «ճամփորդելիս» հատ-հատ հաշվում ես քայլերդ, ուրեմն արձակուրդդ «վայելելու» այս ձևն ես ընտրել։ Թե ինչու ես այդ ձևն ընտրել, դժվար թե արդեն հասկացած չլինեք, բայց ամեն դեպքում ասեմ. հենց սկսում ես քայլերդ հաշվելով «ճամփորդել» մի բուռ բնակարանում, մեկ էլ հանկարծ պարզում ես, որ լավ էլ լենուբոլ տարածք է։ Լուրջ բան եմ ասում, դուք էլ փորձեք։

Իսկ եթե սկսել ես շարադրություն գրել «ինչպես եմ անցկացրել ամառային արձակուրդը» թեմայով, արդեն հասկացաք՝ հովվերգությունդ ավարտվելու շեմին է։

Հովվերգությունս էլ Ամոս Օզի հետ եմ տալիս առնում։ Ավելի ճիշտ, ինքը պատմում է, ես լսում եմ։ «Իմ Միքայելի» մասին պատմեց, իր ճանաչած «Հուդայի» հետ ծանոթացրեց ու փորձեց հետը հաշտեցնել, միասին մտանք «Սև արկղի» մեջ, հետո արկղից դուրս եկանք ու երկար քայլեցինք «սիրո ու խավարի» հրեական յուրօրինակ աշխարհի ճամփեքով և գլուխ գլխի մի կուշտ տվայտեցինք։

Մի օր էլ համբերությանս բաժակը լցվեց, համակարգչիս մոտից 15 քայլ արեցի մինչև ընթերցապուճախ ու ասացի՝ լավ էլի, ա՛յ Ամոս ջան, հո մենակ դո՞ւ չես էս աշխարհում, սպասիր տեսնեմ՝ էն Յոզեֆ Ռոթն ինչ է ասում Հոբի մասին։ Չգիտեմ՝ ինչ մտածեց իմ արձակուրդային օրերի ճամփորդ ընկերս, բայց դե՝ խաղաղասեր մարդ է Ամոսը, ձեն չհանեց։ Երևի գիտեր իր խոսքի զորության չափը, և որ միևնույն է՝ ուր էլ գնամ, արձակուրդս ամոսօզական «հովանու ներքո» է անցնելու, որովհետև ես սովորական մարդ եմ ու ոչ միայն չեմ կարող ներել էդ Յոզեֆ Ռոթի թունդ տառապյալ Մենդլին, որ որոշել է Հոբ Երանելու հետ ոտ մեկնել, մեկ էլ առավել ևս՝ իր կնկան, որ իրենց հիվանդ երեխային անտերուդուս թողեցին ու պոչները քաշեցին Ամերիկա։ Չներեցի ու ոչ էլ ցանկություն ունեմ ներելու։ Հույսն Աստծու վրա է դրել, թող նա էլ ների. ես էդպիսի ծանրագույն բեռ տանելու ուժ չունեմ, մանավանդ որ՝ արձակուրդս եմ վայելում իմ նորնորքյան ապարանքում և հասկանում եմ, որ աշխարհիս երեսին դժվար թե մի հայ գտնվի, որ հրեաների հետ նստի-վեր կենա ու օրուգիշեր զուգահեռներ չանցկացնի այս երկու, ինչպես ընդունված է ասել՝ ճակատագրերով իրար նման ազգերի միջև։

Մի «մխիթարական» բան հաստատ գտել եմ. միակամ, միաձույլ հրեաների մասին առասպելը, մեղմ ասած, չափազանցված է, էն էլ՝ ինչքա՜ն, և ամենազոր Եհովան ինչքան էլ ամպրոպ ու կայծակ գործուղի Իսրայել՝ չի կարող մատի մի շարժումով համախմբված ու կուռ դարձնել մի ժողովրդի, որ աշխարհի չորս ծագերից դարերի ճամփա է անցել ու եկել հավաքվել մի տեղ՝ ամեն մեկն իր ծննդավայր երկրի դաջվածքը ճակատին «խարանած»։

Ասեմ, թե ինչով ենք տարբեր. հրեաների համար կոտորվելն «ազգային հարստություն» չի, հրեաները Հոլոքոստն «ընտրյալության» վկայություն չեն համարում, հրեաները դարերով իրենց հալածած այլ ազգերի նկատմամբ եթե նույնիսկ վրեժխնդրության զգացում ունեն, ապա այդ վրեժխնդրության ծարավը մեղմելու ցանկի առաջին տեղում Պետության ստեղծումն ու ամրապնդումն է, դրանից վեր արժեք չկա, չի էլ քննարկվում։ Վրեժի մնացած տեսակներն ածանցյալներ են, ու դրանք այնքան աննշան են «Պետություն» ասված անքննելի արժեքի համեմատ, որ այդ մանր-մունր վրեժիկների մասին կամաց-կամաց մոռանում են ե՛ւ իրենք, ե՛ւ իրենց հետ հեռվից-մոտիկից շփվողները։ Հրեաների համար ամենևին էլ առաջնային չէ, թե ով է սիրում իրենց կամ ով չի սիրում, կարևորը՝ իրե՛նք սիրեն իրենց։ Հենց ինքդ քեզ սկսես սիրել, անպայման այլ սիրողներ էլ կճարվեն (չգիտեմ՝ հրեաներն էլ են այս նույն բանը մտածում, թե չէ, ես իմ մտածածն եմ ասում)։ Եվ իրենք իրենց սիրում են՝ առանց ուրիշներից սեր մուրալու ցուցքերի (սա էլ եմ ես մտածում՝ առանց հրեաների կարծիքը հարցնելու)։

Չէ, անբարդույթ չեն. Հիսուսի բարդույթը երկու հազար տարուց ավելի իրենց ուսերին տանում են, բայց Անմեղին խաչելու մեղքից ազատվելու ճանապարհն էլ է բաց։ Շատ հանգիստ կարող են մտածել, որ Հիսուսը որտեղ էլ ծնվեր՝ խաչելու էին, ու սա հաստատ բան է, բոլորս էլ գիտենք. պարզապես մարդկության մյուս հատվածի բախտը բերել է, որ Հիսուս խաչելու փորձությունն իրենց դռանը չի չոքել։ Դրա համար էլ էսպես մեծ-մեծ խոսում են ու ժամանակ առ ժամանակ մատ են թափ տալիս հրեաների ուղղությամբ։ Դեռ մի բան էլ ավելի. ոչ մեկս չգիտենք, թե խաչողներն այսօրվա հրեայի պես փորձելու էին հասկանալ ու սիրել իրենց Զավակին, թե Մեղքի այդ ծանր բեռից ազատվելու համար հեշտ ճանապարհ էին ընտրելու. կա՛մ հանելու էին շպրտեն իրենց հիշողության ծալքերից, կա՛մ փնովելու էին՝ խելքներին զոռ տալով։

Երկու ճանապարհից որն էլ ընտրեին, խելքները կհերիքեր, որ իրենց նպատակին հասնեին. գրքի, գիտելիքի պաշտամունք ունեն՝ գիտակցված պաշտեն, թե չգիտակցված։ Գուցե չեն էլ մտածում դրա մասին՝ պաշտամունք է, թե ինչ է. հանապազօրյա հացի պես է հրեայի Գիրքը. հացը կա, Գիրքն էլ կողքն է դրած։ Չկարդան, գոնե հոտ կքաշեն։ Ու եթե գրքի հոտը միշտ խտղտացնում է քիթդ, ուրեմն կյանքդ իմաստազրկվելու անդունդի եզրին երբեք չի հասնի։

Չէ՞, Ամոս ջան։

Ասում է՝ ըհը՛։

Երկուսս էլ տաղանդավոր ազգ ենք։ Մի էական տարբերություն տեսա. իրենք ախտահանած ձեռնոցներով զինված՝ ցանում են, ջրում, ծլեցնում-ծաղկեցնում են ու խնամում իրենց Տաղանդը, մենք՝ հավեսով պռճոկում ենք ու մսխում։ Ի՜նչ մեծագույն տաղանդով ենք մսխում, ինչպիսի՜ նախանձելի անգթությամբ ու անփութությամբ։

Ավելի լավ է հիմա վեր կենամ համակարգչիս մոտից, 15 քայլ անեմ դեպի ընթերցապուճախ, մի քիչ կանգնեմ՝ ամպերին նայեմ, մի ամպապատկեր գտնեմ ու այդ պատկերից լուսավոր խորհրդանիշ պեղեմ ազգիս պայծառ ապագայի կանխագուշակման ազնիվ նպատակով, այնտեղից էլ 21 քայլ անեմ մինչև լոգարան, արցունքներս սառը ջրի հետ խառնեմ ու ուղարկեմ գրողի ծոցը, 17 քայլ անեմ մինչև խոհանոց՝ դառը լեղի սուրճ եփեմ ու սուրճի բաժակը ձեռքիս 27 քայլ անեմ մինչև համակարգիչս։ Եթե ճանապարհին սուրճի մի քանի կաթիլ չթափվի հատակին, ուրեմն ինչքան պետք էր՝ էդքան աղի արցունք եմ թափել։

Եկա-եկա՜ ու տեղ հասա։ Առանց սուրճի մի կաթիլ հատակին թափելու։ Իմ նշմարած ամպապատկերն սկզբում դեմքով փորի վրա գետնատարած փռված ինչ-որ նեանդերթալցի էր, հետո դեմքը դարձավ շան սիրուն մռութ, իսկ հետո՝ գառնուկի դնչիկ։ Դե արի՛, ու էս պատկերներից ազգի պայծառ ապագա պեղիր։ Չէ, չեմ կարող ու չեմ ուզում, մանավանդ որ՝ «գառ» բառից «մատաղացու»-ն գրեթե անբաժան է ինձ համար։

Ավելի լավ է մի քիչ գլուխ գովեմ։ Յուքոմի տրամադրած հեռուստաալիքների ֆիլմաշարանից իմ հավանելիք ֆիլմ գտնելու գործի վարպետ եմ։ Նախ՝ վերնագրով եմ չափում-ձևում, հետո հենց առաջին կադրերից հասկանում եմ՝ արժի, թե չարժի նայել, ու հազվադեպ եմ սխալվում։ Շա՛տ հազվադեպ։ Ինտերնետի էս օվկիանոս դարում դժվար չի, չէ՞, վերնագիրը կարդալ, հետո այդ վերնագրով Վիքիպեդիա մտնել ու կողմնորոշվել՝ նայես, թե չնայես։ Բայց՝ չէ. ուրիշներն իրենց մարմինն են մարզում, ես էլ էս փորձարկումներով՝ ուղեղս։ Վա՞տ է, որ ես եմ ընտրում իմ նախնական զգացողությամբ ու գրեթե չեմ սխալվում։

Հը՞, Ամոս ջան։

Ասում է՝ եսիմ։

Գիտեմ, թե ինչի է ասում՝ եսիմ։ Որովհետև «Պատմություն սիրո և խավարի մասին» վեպը կարդալուց հետո որոշեցի վեպի հիման վրա ստեղծված ֆիլմն էլ նայել, բայց սա հենց էն ծանր դեպքերից էր, որ ասում են՝ ոտքս կոտրվեր, թատրոն չերթայի։ Մի լավ կռիվ տվեցի Ամոսի հետ, թե ոնց է թույլ տվել, որ այդպես կեղեքեն իր «սերն ու խավարը», բայց հետո սիրտս ցավեց, որովհետև լավ էլ հասկանում եմ, թե ինչու. արդեն ծերացել էր, ու մեկ էլ Նատալի Փորտմանի նման գեղեցկուհին դուռը բախում է ու ասում՝ ուզում եմ վեպդ նկարել, ես էլ խաղալու եմ քո պաշտելի մայրիկի դերը։ Ո՞ր մի ծերուկը կդիմանար։ Դե, Ամոսն էլ չի դիմացել ու թույլ է տվել, որովհետև իրոք գեղեցիկ կին է Նատալին։

Բայց ես «Ֆոքստրոտ» հրեական ֆիլմի մասին էի ուզում պատմել, որ կորոնաարձակուրդի օրերին պատահաբար հայտնաբերեցի, դիտեցի ու Ամոսին ասացի՝ դուք ոնց որ թե չեք վախենում, հա՞, որ խաղաղություն ցանկացողներիդ «դավաճանի» պիտակ կկպցնեն, դուք նույնիսկ չեք վախենում ձեր բանակի արատների մասին ոչ միայն բարձրաձայնել «տնեցիներով», այլև դեռ մի բան էլ՝ դրա մասին աշխարհին պատմել։

Չէ, իրավիճակն իդեալականացնելու մտադրություն չունեմ. վստահ եմ ու գիտեմ, որ ե՛ւ Ամոս Օզին են դատապարտողներ գտնվել Իսրայելում, ե՛ւ «Ֆոքստրոտի» ռեժիսոր Սամուել Մաոզին, առաջինին՝ խաղաղասիրության և պաղեստինցիների նկատմամբ թշնամական կեցվածք չունենալու համար, իսկ երկրորդին՝ իրենց իսկ ազատագրական բանակն այդչափ մռայլ գույներով ներկայացնելու և սեփական բանակի օրինակով ողջ աշխարհով մեկ ահազանգելու համար, որ պատերազմի ժամանակ անմեղ մարդիկ էլ են զոհվում, և ընդհանրապես աշխարհիս երեսին պատերազմից ավելի դաժան բան չկա, որովհետև պատերազմ հրահրողներն այլ մարդիկ են, իսկ զոհվողները պատանիներն են։ Դատապարտողներ միշտ էլ կգտնվեն բոլոր հասարակություններում, բայց հո տեսնում եմ, որ այս մարդիկ չեն վախենում իրենց մտածածը բարձրաձայնել, հոգնել են պատերազմելուց և խաղաղություն են ուզում։ Չեն ուզում իրենց հարևանը «թշնամի» կոչվի, ուզում են «հարևան» ասել պաղեստինցիներին։

Մե՞նք ինչ ենք ուզում։ Ես չգիտեմ՝ ինչ ենք ուզում, որովհետև ոչ միայն անկեղծ չենք իրար հետ, այլև բոլորից գաղտնի, մեր չորս պատերով ապահով պաշտպանված, ուրիշների քննախույզ հայացքից հեռու՝ ինքներս մեզ հետ էլ անկեղծ չենք։ Մեր իրական ցանկությունները շնչահեղձ ենք արել կեղծիքի ու ճռճռան պաթոսի տարափի տակ, ընտելացել ենք ու շարունակում ենք ընտելանալ «հայրենասիրական» բաժակաճառերի ժխորին, և արդեն այնքան երկար ենք ապրել այդ սուտ ու սին պղտոր սելավի տակ, որ կեղծիքն ու ճշմարտությունն իրարից զանազանելու ցանկությունն էլ է կամաց-կամաց մեռնում։

Ամո՛ս…

Լուռ է։

Երևի մտածում է՝ ամեն ժողովուրդ ինքը պետք է գտնի ելքը, Ամոսը հո ձեր դատավորը չի՞։

…15 քայլ անեմ մինչև պատշգամբ, այնտեղից էլ 32-33 քայլ՝ մինչև խոհանոց, ջուր խմեմ, մի քիչ կանգնեմ, իբր ա՛յ էդպես հպարտ կանգնած՝ ելք եմ փնտրում ազգի համար, հետո 27 քայլ անեմ մինչև համակարգիչս։ Եթե գամ ու ասեմ՝ Ամո՛ս… ուրեմն ելքը չեմ գտել։ Մեեեկ, եեեերկու, եեեերեք, չոոոորս…

Ամո՛ս։

Լուռ է։ Այսինքն թե կորոնավիրուսը թողած՝ հրեա-հայ, Ամոս-Մաոզ խառնել ես իրար, քո զահլան ո՞վ ունի։

Դե գիտե՞ս ինչ, Ամո՛ս, ես, իհարկե, շնորհակալ եմ, որ կորոնաարձակուրդիս ընկերն ու ուղեկիցը դարձար, բայց ես էլ կորոնավիրուսի մասին գրելու զահլա չունեմ, էնքան խոսող կա՝ ինձ հերթ չի հասնում։

…Ամոս։

Լուռ է։

Ադրբեջանցիները կրակում են իմ ծննդավայր Տավուշի սահմանին, կորոնաարձակուրդս ավարտվեց:

Խաղաղություն եմ ուզում, Ամո՛ս։

ilur.am